Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Երբ գրեթե բոլորը մտածում էին, թե 2013 թվականին Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, ինքը գիտեր, որ չի առաջադրվելու»

Հունվար 09,2013 11:07

«Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսում խոսել էի Հայ ազգային կոնգրեսի թույլ տված երկու սխալների մասին։ Առաջինը՝ երկխոսությունն է, երկրորդը՝ քաղաքագիտական վերլուծությունը, որը ՀԱԿ-ԲՀԿ պրոցեսի գաղափարական հիմնավորումը դարձավ։ Գործընկերներս, սակայն, փորձում են մեծ աղմուկ սարքել երկխոսության շուրջ իմ ունեցած դիրքորոշման մասին, ըստ էության ոչինչ չասելով քաղաքագիտական վերլուծության մասին։ Սա այլ կերպ, քան շեղող մանեւր դժվար է որակել։ Փորձ է արվում մի խոսակցություն ծավալել, որի իմաստը լինի հետեւյալը. «Բա իմացա՞ք, Նիկոլը հիմա ասում է երկխոսությունը սխալ էր, մինչդեռ էդ ժամանակ ասել էր՝ ճիշտ է», հետո մարդիկ սկսեն մի անիմաստ ու երկարաճիտք բանավեճ այս թեմայով, որը հարուցողների նպատակը կլինի բացառապես մեկը. շրջանցել, մոռացության մատնել քաղաքագիտական վերլուծության, կամ դրա հարուցած իրավիճակի թեման։ Իսկ սրա մասին, մենք՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներս, պետք է հստակ բացատրություններ տանք հանրությանը։ Խոսքս չի վերաբերում հարցին՝ ճի՞շտ էր արդյոք քաղաքագիտական վերլուծությունը, թե սխալ։ Նման թեմայով բանավեճը նույնիսկ անլուրջ եմ համարում, որովհհտեւ եթե կոնգրեսից որեւէ մեկը հաջողություն պիտի համարի քաղաքագիտական վերլուծության արդյունքը, նշանակում է մեծ հաղթանակ է համարում սեփական տան վրա ատոմային ռումբի պայթելը։

Տվյալ խնդրի համատեքստում կան շատ ավելի հրատապ հարցեր եւ դրանցից մեկը առավել կարեւոր է։ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցով է հայտարարել, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու։ Որպես նման որոշման առանցքային փաստարկ Տեր-Պետրոսյանը հիշատակում է իր 68 տարեկան լինելը։ Այս արձանագրումը, սակայն, ոչ միայն պատասխաններ է տալիս, այլեւ հարցեր առաջացնում: Մեկ տարի առաջ, երբ պարզ էր, որ Հայ ազգային կոնգրեսը չկարողացավ հասնել իր հիմնական պահանջի՝ արտահերթ ընտրությունների անցկացման իրականացմանը եւ շրջանառության մեջ էր դրվում հայտնի քաղաքագիտական վերլուծությունը՝ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր կարող չհաշվարկել, որ նախագահական առաջիկա ընտրությունների շրջանում լրացած է լինելու իր 68-ամյակը, եւ դեկտեմբերի 25-ի հարցազրույցի տրամաբանությամբ, ինքը չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, որովհետեւ ինչպես ինքն է ասել, «68 տարեկանում սեփական ժողովրդին հարգող մարդը չի կարող հավակնել նախագահի պաշտոնին»։

Բայց սա արձանագրել եւ անցնել առաջ չի ստացվում, որովհետեւ երբ ետահայաց նայում ենք իրադարձություններին, անխուսափելիորեն ծագում է հետեւյալ հարցը. երբ գրեթե բոլորը մտածում էին, թե 2013 թվականին Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, ինքը գիտեր, որ չի առաջադրվելու։ Ո՞րն էր, ուրեմն, 2013 թվականի նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի մասնակցության վերաբերյալ նրա ունեցած պատկերացումը։ Ինչպե՞ս, ի՞նչ ձեւաչափով պետք է մասնակցեր Կոնգրեսը 2013 թվականի նախագահական ընտրություններին, պիտի ունենար սեփակա՞ն թեկնածու, թե պետք է պաշտպաներ այլ թեկնածուի, թե՞ պետք է ունենար սեփական թեկնածու, որը պետք է հընթացս հաներ թեկնածությունը հօգուտ մեկ այլ թեկնածուի, թե պիտի գնար բոյկոտի։ Այս պատասխաններից յուրաքանչյուրը քննարկելի է, ձեւակերպելի, հարցը սակայն հետեւյալն է. կա՞ր այդ սցենարներից որեւէ մեկը Տեր- Պետրոսյանի մտքում, եթե այո, ինչու հանրությունը այդ մասին չգիտեր, եթե ոչ, ուր էինք ուրեմն ուզում տանել Հայ ազգային կոնգրեսը։ Բայց չէ՞ որ սա այն տեղը չէ, ուր պիտի հասնեինք, երբ Սերժ Սարգսյանի կողմից Բաղրամյան 26-ի վերանվաճումը ընդամենը տեխնիկական խնդիր են ուզում դարձնել։ Ի՞նչ ենք պատասխանելու այն մեղադրանքներին, թե Սերժ Սարգսյանից սեփական ձեռքերով 21-րդ դարի Եղիազար Այնթափցի ենք կերտել։

Սրանք ցավալի, չափազանց ցավալի հարցեր են, բայց պատասխանատու քաղաքական ուժը, պատասխանատու քաղաքական գործիչը չի կարող տրվել դրանցից խուսափելու գայթակղությանը, որովհետեւ սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք ունենալ, նշանակում է նրան բացատրել սեփական քայլերի տրամաբանությունը։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031