Այս շենքը Երեւանի սովորական շենքերից մեկն է՝ իր նմաններից, թվում է, ոչնչով չտարբերվող։ Բայց միստիկական մի պատմություն առանձնացնում է դրան մյուսներից։ Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 4-ին Հարավ-Արեւմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 12-րդ հարկի պատշգամբից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 23-ամյա Գ.Մ.-ն։ Նա, բարեբախտաբար, ողջ է մնացել, եւ երեկվա դրությամբ գտնվում էր «Մալաթիա» բժշկական կենտրոնում։ Իսկ հիմա միստիկան. ընդամենը մեկ տարուց էլ պակաս ժամանակ առաջ՝ մարտին, նույն այս թաղամասի նույն փողոցում, ավելին՝ միեւնույն շենքի միեւնույն հարկից նետվելու միջոցով դարձյալ ինքնասպանության փորձ էր արվել։ Այն ժամանակ իր կյանքին վերջ տալ էր ցանկացել 21-ամյա Հ.Ա.-ն։ Վերջինս Գ.Ս.-ի հարեւանուհին է։ Այս դեպքում եւս ինքնասպանության փորձն անհաջողության էր մատնվել եւ երիտասարդ աղջիկը փրկվել էր։ Նա էլ այն ժամանակ տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն։
Երեկ, երբ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է հունվարի 4-ին ինքնասպանության փորձ կատարած Գ.Մ.-ի առողջական վիճակի մասին, բժիշկն ասել է, որ նրա ստացած մարմնական վնասվածքներն այնքան էլ լուրջ չեն։ Ըստ նրա, Գ.Ս.-ի մոտ առկա է կոնքոսկրի կոտրվածք եւ ընդամենը 3-4 օրից հիվանդը դուրս կգրվի։
Ինչ վերաբերում է Հ.Ա.-ին, որը ինքնասպանության փորձ էր արել մարտին, ապա Արթուր Հովհաննիսյանի խոսքով, նրա առողջությունը վերականգնվել է: Բժիշկը, սակայն, երկու աղջիկների մասին խոսելով էլ նկատել է, որ նրանք հոգեկան անհավասարակշիռ վիճակում են եղել եւ երկուսն էլ հաճախ հայտնվել են դեպրեսիայի ճիրաններում։
Ու քանի որ դժվար է կատարվածին հավատալ՝ մեկ անգամ եւս ներկայացնենք փաստերը։ Նույն շենքի 12-րդ հարկից մեկ տարվա ընթացքում երկու երիտասարդ աղջիկ նետվել են ցած եւ ողջ մնացել։ Ավելին՝ երկուսն էլ ստացել են այնպիսի վնասվածքներ, որ պարզապես անհավանական է թվում 40 մետր բարձրությունից նետվելու դեպքում։ Իսկ ասում են, թե՝ հրաշքներ չեն լինում։
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»