Վառելափայտի գների տարեցտարի թանկացման պատճառով Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները:Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական դժվար, կարելի է ասել` գրեթե անհնարին բան է. ձմռանը մշտապես ցուրտ է, իսկ ամռան ամիսներին անտանելի տոթ է: Այդ պատճառով տնակային ավաններում հատկապես երեկոյան ժամերին ծխնելուզներից քուլա-քուլա թափվող ծխից շնչահեղձ կարելի է լինել: Դժբախտաբար, տնակներում ապրողերի համար պետության կողմից որևէ սոցիալական արտոնություն, ասենք` ձմռան ամիսներին անվճար կամ գոնե մատչելի գնով վառելիք չի տրամադրվում:
Այս անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ բարերար Արամ Միքայելյանի կողմից տրամադրված օգնությունները բաժանելու ու տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելեցին Գյումրու տնակային ավաններից մեկը: Ներկայացվող տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող Անժիկ և իր երկրորդ երեխային սպասող Էլմիրա Հակոբյանների ընտանիքի մասին է: