«Եթե Դուք հիմա չեք բացառում, որ հնարավոր է համագործակցեք Սերժ Սարգսյանի հետ, ես` որպես ընտրող, որտեղի՞ց ունենամ երաշխիքներ, որ Դուք ընտրապայքարի մեջ եք մտել՝ ոչ թե ինչ-որ պաշտոն ստանալու համար, կարո՞ղ եք տալ նման երաշխիք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ուրիշների համար երաշխիք չեմ կարող տալ: Նույնպես ես չէի ուզենա, որ իմ խոսքի երաշխիքով քո քաղաքացիական ազատությունը կաշկանդեի, եւ դու ընտրեիր՝ զուտ խոսքի երաշխիքով: Ես պարզապես կարող եմ ասել, որ իմ հետագիծը կա հանրային ծառայության՝ իր դրական էջերով, իր վրիպումներով: Դա բաց է եղել քո առջեւ եւ ողջ ժողովրդի առաջ: Այդպես էլ պիտի շարունակվի՝ բաց, անմիջական եւ հաշվետու: Ես կարող եմ ասել առանց դրամատիկացնելու կամ ռոմանտիկայի ոլորտ տանելու, որ ես պարտավոր եմ անգամ կյանքի գնով տեսնել դե յուրե Սահմանադրական Հայաստան: Իսկ ընտրությունը պետք է կատարի շարքային քաղաքացին: Հիմնական ընտրապայքարը լինելու է գործող նախագահի եւ իմ միջեւ, բայց դա չի նշանակում, որ քաղաքացին պետք է չգա ու մասնակցի: Ես ուզում եմ, որ քաղաքացին մասնակցի, թեկուզ ինձ համար չքվեարկի, որովհետեւ յուրաքանչյուր չիրացված քվեաթերթիկ նշանակում է այս իշխանության վերարտադրումը, եւ դա պետք է բացառել»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ չեք բացառում իշխանության հետ համագործակցությունը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կունենանք նոր իշխանություն»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, Սերժ Սարգսյանը պիտի փոխվի՞, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Պիտի փոխվի, այո: Եվ հետո մենք կհամագործակցենք այս խորհրդարանի հետ, որտեղ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, եւ միասին կտանենք Հայաստանը դեպի նոր Սահմանադրություն եւ խորհրդարանական հանրապետություն, որտեղ բիզնեսը եւ իշխանությունը տարանջատված են, եւ որտեղ իշխանության ճյուղերը նույնպես տարբաժանված են, որտեղ Հայաստանի քաղաքացին երաշխավորված է ոչ թե թեկնածուի խոսքով, անգամ նախագահի բարձր հովանու տակ, այլ՝ Սահմանադրությամբ եւ իր իրավունքով»:
Մեր դիտարկմանը, որ խորհրդարանում արդեն բիզնես ոլորտի մեծ ներկայացուցչություն կա, ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց, որ դա պիտի բացառվի. «Դա պիտի բացառվի ոչ միայն խորհրդարանում, այլեւ դատական ատյաններում, նախագահականում, վարչապետարանում: Ամենուր դա պիտի բացառենք, եւ ես առաջարկում եմ անել դա իմ օրինակով, որովհետեւ ես որեւէ բիզնես կախվածություն չունեմ: Ես ասում եմ, որ ես լիարժեք, անմնացորդ, առանց պայմանների, առանց բիզնես շահագրգռության եւ անվճար ծառայելու եմ 5 տարի եւ ոչ ավելի»:
Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև