Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Իմ քվեն տալու եմ Հրանտ Բագրատյանին»

Հունվար 08,2013 20:12

 

Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ  «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի միջեւ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ականները համոզված հայտարարում են, թե նախագահական ընտրություններում հավակնություններ ունեցող մարդիկ պայքարելու են երկրորդ տեղի համար, երեկ Aravot.am-ը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեց՝ իր կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանից եւ Հրանտ Բագրատյանից ո՞վ առավել շանսեր ունի երկրորդ տեղը զբաղեցնելու համար:

Մեր զրուցակիցը համամիտ է ՀՀԿ-ակնների այն համոզման հետ, որ Սերժ Սարգսյանը միանշանակ հաղթելու է: Ըստ նրա, այս ընտրությունների գլխավոր ինտրիգը լինելու էր առավել մեծ ռեսուրսներ ունեցող խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ինչը չեղավ, հետեւաբար՝ «նախագահական ընտրություները զրկվեցին լուրջ մրցակցային էլեմենտից ու այս առումով, իսկապես, որեւէ մեկը չի կասկածում, որ առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը հաղթանակ է տանելու»: Բայց Սուրենյանցը մի շատ լուրջ վերապահում ունի. «Սերժ Սարգսյանը հաղթելու է ոչ թե այն պատճառով, որ մենք փայլուն իշխանություն ունենք կամ երկիրը շատ լավ վիճակում է, այլ որովհետեւ քաղաքական տոտալ ճգնաժամի պայմաններում առաջիկա ընտրությունները մրցակցային չեն լինելու»:

Ինչ մնում է մյուս երկու թեկնածուներին, մեր զրուցակիցը չթաքցրեց, որ իր համակրությունները Հրանտ Բագրատյանի կողմն են. «Փետրվարի 18-ի ընտրություններում ես իմ քվեն տալու եմ Հրանտ Բագրատյանին: Հրանտ Բագրատյանի  մասնակցությունն այս ընտրություններին շատ կարեւոր եմ համարում այն համատեքստում, որ նա կարողանա ընտրարշավը որպես առիթ օգտագործել՝  աջ ուժերի լուրջ ֆորմատ ձեւավորելու համար: Եթե այդ խնդիրը կարողանա լուծել պարոն Բագրատյանը, ապա ընտրություններից հետո մենք կունենաք շատ լուրջ ազատական դաշտ, որը շատ մեծ հավակնություններ կարող է ցուցաբերել 2017-18 թվականների ընտրություններին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զրույցի այլ մանրամասները կարդացեք «Առավոտի» առաջիկա տպագիր համարներից մեկում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031