Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունում կայացավ տարվա առաջին խորհրդակցությունը

Հունվար 08,2013 18:37

Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր   անցկացրած 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին ։

 

Բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովում

Այդ նպատակով հանձնարարվեց  կազմել ժամանակացույց, որպեսզի մինչև  առաջին եռամսյակի վերջն ավարտվեն ըստ հիվանդությունների բուժական սխեմաների մշակումը և ներդրումը։

Բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովմանը մեծապես կնպաստի առողջապահության կազմակերպիչների` գլխավոր բժիշկ, տեղակալ, բաժանմունքի վարիչ, ինչպես նաև մասնագետների ատեստավորման գործընթացի ներդրումը։ Այդ ուղղությամբ ևս տրվեցին հանձնարարականներ։

Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին  որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու նպատակով 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում ամրագրված դրույթները հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանելու ինչպես բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ գնման գործընթացների կազմակերպման  նկատմամբ։ Պայմանագրում սահմանվում է նաև տվյալ բուժհաստատությունում բժիշկների, բուժքույրերի և մայրապետների նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։Այս ամենի նկատմամբ կիրականացվի խիստ հսկողություն, խախտումների դեպքում  կկիրառվեն պատժամիջոցներ։

 

Մարզերի համաչափ զարգացում

Նախարարը նախ հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում մանրամասն վերլուծել առկա իրավիճակը` սկսած բժշկական ծառայությունների առկայությունից ու մասնագետներով ապահովվածությունից մինչև տեխնիկական հագեցվածություն ու շենքային պայմաններ։  Այս գույքագրման արդյունքներով առավել կհստակեցվի մարզային բուժհաստատությունների արդյունավետ կառավարման, դրանց հզորությունների և տարածքների օպտիմալացման գործընթացը։

Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:

Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն առկա են նոր վերակառուցված և տեխնիկապես հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ,  2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը փոխվել է ի օգուտ մարզերի։

Ծրագրավորված աշխատանքներ կտարվեն մարզերում նոր ծառայությունների կազմակերպման,աշխատող բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացման և նոր կադրերով համալրման ուղղությամբ։

 

Դեղերի ոլորտ

Ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով շրջանառության մեջ է դրվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ առողջարապության նախարար Դերենիկ Դումանյանը «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին» մեկ շաբաթ ժամանակ տվեց ուսումնասիրելու, թե վերջին օրերին ի՞նչ պատճառով են որոշ դեղերի գները բարձրացել և ներկայացնել առաջարկներ դրանց վրա ներգործելու նպատակով։

Ֆինանսավորման արդիականացում

Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին  որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու գործում նախարարը կարևորեց պետական պատվերի տեղադրման հստակ սկզբունքների ամրագրումը։  Միաժամանակ, հանձնարարեց ողջ տարվա ընթացքում մշտական հսկողություն իրականացնել պայմանագրային կետերի կատարման նկատմամբ։ Նա պահանջեց առավել խիստ մոտեցում ցուցաբերել հավելագրման դեպքերի նկատմամբ։

Նախարար Դումանյանը հանձնարարականներ տվեց 2013 թվականը առողջ ապրելակերպի տարի հայտարարելու ուղղությամբ և մշակել միջոցառումների ցանկ:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031