Նախագահական ընտրապայքարից այսօր դուրս գալու որոշում է կայացրել նաեւ 10 տարուց ավելի գործազուրկ ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը:
Նա չունի ընտրական 8 միլիոն դրամ գրավը: Հիշեցնենք, որ պարոն Հայրապետյանը Կենտրոնական բանկի հաշվեհամարում 8 միլիոն դրամից ընդամենը 1000 դրամ էր փոխանցել:
«Ստիպված եմ դուրս մնում, բայց չեմ բացառում, որ որեւէ մեկը, եթե ցանկանա օգնել՝ անհատույց տրամադրելով այդ գումարը, ես մեծ սիրով կմասնակցեմ, մնացած նախընտրական ծախսերը կանեմ իմ միջոցներով: Ես հիմա գործազուրկի կարգավիճակ ունեմ: 1000 դրամը սիմվոլիկ գումար էր, որ ես փորձում էի ապացուցել, որ ֆիզիկապես պատրաստ եմ ոչ թե 100 դրամ մուծելու, այլ 50.000 դրամ պետական տուրք ու մասնակցել ընտրություններին : Դա նաեւ առաջարկ էր օրենսդիր մարմին, որ ընտրագրավի ինստիտուտը պետք է փոփոխությունների ենթարկել, վերացնել ընտրական գրավը »,- Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը:
Մեր հարցին՝ ինչպես էին ընտանիքում ընդունել ընտրություններում առաջադրվելու իր որոշումը, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Իմ ընտանիքի անդամները դժգոհ են այն փաստից, որ ես ՝ որպես տան հայր, արդեն 10 տարուց ավելի աշխատանք չունեմ , եւ փաստը մնում է փաստ, որ շատերը երկարատեւ անգործության են մատնված: Եթե ինձ հնարավորություն տային ելույթ ունենալ, ապա կասեի՝ ընտրվելու դեպքում մոտակա 5 տարիներին աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը հանրապետությունում կվերացնեի»:
Կարդացեք նաև
Նախագահի արդեն նախկին թեկնածուն համաձայն չէ, որ գործազուրկների առաջադրվելը նախագահական ընտրություններում ընտրությունների վարկը գցում է: Ըստ նրա, քաղաքացիները իրենց Սահմանադրական իրավունքն են օգտագործում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ