Այսօր ժամը 11:30-ի սահմաններում Գորիս-Երեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում` Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով 3 ուղեւոր տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Ըստ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տվյալների` իրար են բախվել «Գազ 310» մակնիշի Տ9375 (վարորդ` Նորայր Արզումանյան ծնվ. 1975թ.) եւ «Հոնդա» մակիշի 10 ՕՏ 352 (վարորդ Դավիթ Պապոյան ծնվ.1960թ.) պետհամարանիշների ավտոմեքենաները, որոնց մեջ երեխաներ չեն եղել:
Գորիսի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանի տրամադրած տեղեկատվության համաձայն` 52-ամյա Դավիթ Պապոյանը ճակատային շրջանում կտրված վերքերով է տեղափոխվել հիվանդանոց, իսկ 38-ամյա Արեւիկ Աբարյանը կրծքավանդակի շրջանում սալջարդ ուներ, 56-ամյա Արմեն Մարտիրոսյանն էլ ուղեղի ցնցումով եւ կրծքավանդակի շրջանում սալջարդով է բժշկական կենտրոն տեղափոխվել: Բոլոր 3 տուժածներն էլ Երեւան քաղաքի բնակիչներ են:
«Տուժածներից 2-ն արդեն դուրս են գրվել մոտ մեկ ժամ առաջ, նրանց կյանքին վտանգ չէր սպառնում, իսկ ուղեղի ցնցում ստացած հիվանդը դեռ մեզ մոտ է եւ ստացիոնար բուժում է ստանում», – փոխանցեցին շտապ օգնության կայանից:
Կարդացեք նաև
Մեր ունեցած տվյալներով` իրար բախված մեքենաներից մեկը Երեւանից դեպի ԼՂՀ էր գնում, ուղեւորները ճանապարհվել էին զինծառայող հարազատի երդման արարողությանը մասնակցելու:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ