Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային շահը կգերակայի՞ ներմուծողների շահերին

Հունվար 08,2013 17:07

Դեպի ծով չունեցող եւ ունեցող 60-ից ավելի երկրներ արդեն երկար տարիներ է միացել են ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիային եւ

1965 թվականի Նյու Յորքի ծովեզերք չունեցող երկրների տրանզիտային առևտրի իրավունքի մասին կոնվենցիային, սակայն Հայաստանը մինչ օրս գրեթե ոչինչ չի արել այդ կոնվենցիայի՝ մեր երկրի համար բավականին շահավետ պայմաններից օգտվելու համար:

Այսօր «Արմատ» ակումբում ներկայացնելով կոնվեցիայի առավելությունները, միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ կոնվենցիան ծով չունեցող երկրներին հնրավորություն է տալիս ծով ունեցող երկրների նավահանգիստները մատչելի գներով վարձակալել, ծովերում սեփական երկրի դրոշով ունենալ նավեր, իսկ նավահանգիստ տրամադրող երկիրը նույնիսկ համապատասխան տեխնիկա է տրամադրում բեռնաթափման համար եւ այլ կարեւոր ու ձեռնտու միջոցներ:

Ըստ պարոն Սողոմոնյանի, կոնվենցիայի առավել ձեռնտու եւ կարեւոր հանգամանքներից է՝ ծովեզերք չունեցող երկիրը տրանզիտային ապրանքներից մաքս չի վճարում, իսկ ծով ունեցող երկիրն էլ նույն հարկային ու մաքսային մեխանիզմով է աշխատում, ինչպես ծով չունեցողների դեպքում է. «Սա եվրոպական երկրներում շատ տարածված է, օրինակ՝ Չեխիան բավական լավ օգտվում է լեհական նավահանգստից»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից քաղաքագետ Նարեկ Գալստյանի խոսքերով էլ՝ Վրաստանն արդեն 1999 թվականից միացել է տրանզիտային առեւտրի համաձայնագրին, իսկ Թուրքիան՝ ավելի շուտ: Իսկ թե ինչու Հայաստանը չի միացել այդ համաձայնագրին, քաղաքագետը դժվարացավ ասել, սակայն նշեց, որ Իրանն ու Ադրբեջանը եւս չեն միացել, եւ որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, Թուրքիայի նկատմամբ կիրառվում է սանկցիա՝ սահմանները փակ պահելու համար, ինչը համարվում է ռազմական գործողություն, իսկ այս կոնվենցիաներում նշվում է, որ ռազմական հարաբերությունների դեպքում պայմանները պետությունների կողմից կարգավորվում են ինքնուրույն:

Քաղաքագետի խոսքերով՝ գուցե տնտեսական լոբբինգի բացասական տրամադրությամբ է, որովհետեւ Հայաստանը փոքր եւ չաճող շուկա է, որոշ լոբբիստական շրջանակներում գուցե ձեռնտու չլիներ այդպիսի մատչելի պայմաններով միանալ համաձայնագրին. «Ինչի արդյունքում իրենց ներմուծած ապրանքների գները կընկնեին, բայց շուկան չէր մեծանա, պայմանագրին միանան, թե՝ չէ, ապրանքների քանակը չէր աճելու, կարծում եմ այստեղ է խնդիրը եղել»:

Պարոն Գալստյանի ներկայացմամբ՝ մեր արտաքին առեւտրի շրջանառության 70%-ը կատարվում է Վրաստանի տարածքով, իսկ ներմուծված ապրանքների գները, Համաշխարհային բանկի տվյալներով՝ 10-30 եւ ավելի տոկոսով աճում է հենց Վրաստանի տարածքից օգտվելու արդյունքում, այսինքն՝

երկիր ներմուծվող ապրանքների գնի 10-30 տոկոսը գոյանում է Վրաստանի տարածքից օգտվելու հետեւանքով, այսինքն՝ տարանցման վրա մեծ մաքսահարկ է դրվում,ուստի, եթե մենք էլ միանանք, ներմուծված ապրանքների ինքնարժեքը կնվազի: Իսկ համաձայնագրին միանալու եւ Վրաստանի հետ պայմանագիր կնքելու դեպքում, պարոն Գալստյանը գրեթե բացառեց Վրաստանի «չուզողությունը», որ այնպիսի պայմաններ ստեղծվի, որոնք Հայաստանին ձեռնտու չեն լինի, քանի որ դա կհակասի համաձայնագրի պահանջներին եւ տրամաբանությանը:

Մեր հարցին էլ՝ եթե Հայաստանը մինչ օրս ոչ մի լուրջ քայլ չի արել միանալու համաձայնագրին, գուցե պատճառն այն է, որ դա խոշոր ներմուծողներին առանձնապես եկամուտներ չի ապահովելու, ընդամենը գներն են իջնելու, իսկ ապրանքների շրջանառության ծավալը՝ ոչ, պարոն Գալստյանն ասաց. «Կա ազգային պետական շահ եւ կա բիզնես շահ, այս դեպքում, եթե դա առնչվում է պետականությանը, ապա պետք է գերակայի ազգային շահը, եթե անգամ իրենք էլ շահագրգռված չլինեն, միեւնույն է չպետք է խոչընդոտեն, որ պետությունը այդ քայլին չդիմի»:

Ըստ քաղաքագետի, ԱԺ-ում նախորդ տարեվերջին արդեն քննարկվել է այս հարցը ու կարծիքները դրական են եղել. «Սա ենթադրում է, որ ինչ որ տեղաշարժ, թեկուզ ուշացած, տեղի է ունեցել: Հուսանք, որ ազգային շահը կգերակայի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031