Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը գործ չի հարուցել «Հակահարված»-ի բողոքի հիման վրա

Հունվար 08,2013 16:54

Ոստիկանության կենտրոնականի բաժինը մերժել է «Հակահարված» art խմբի ակտիվիստների հետ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում անցած տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հատկանիշներով: 

Ոստիկանությունը որոշել է, որ կատարվածի մեջ հանցակազմ չկա: Քրեական գործ հարուցելու պահանջով ոստիկանություն էին դիմել «Հակահարված» art խմբի անդամները: Անցած տարեվերջին ոստիկանությունը խմբի հիմնադիր անդամ Արտակ Գեւորգյանին է հանձնել քրեական գործի մերժման մասին որոշումը:

Անցած տարվա նոյեմբերի 22-ին «Հակահարված» խմբի անդամները ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքում ուսանողներին կոչ էին արել չհանդուրժել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին ազատազրկելու դատարանի որոշումը, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ու համալսարանի անվտանգության աշխատակիցները փորձել էին դուրս հրավիրել խմբի անդամներին, ինչից հետո տեղի էր ունեցել քաշքշուկ ու հարվածներ էին տեղացել Արտակ Գեւորգյանի դեմքին: Սկանդալային միջադեպի տեսանյութը տարածվել էր համացանցում:

Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, թե ինչ պատճառաբանությամբ ու հիմքերով էր մերժվել քրեական գործի հարուցումը:

«Ամենաառաջին լուրջ պատճառը` գրված էր, որ հանցակազմի բացակայության պատճառով գործը մերժվում է երկկողմանի: Բացատրվում է, որ երկու կողմից էլ խուլիգանություն է դիտվել, բայց քանի որ լուրջ հանցակազմ չկա, գործը կարճվում է: Այսինքն մենք, իրենց ասելով. ուսումնական հաստատությունում դասն ենք խանգարել, բայց դրդապատճառ չենք ունեցել, հենց դա չի եղել մեր նպատակը», – ասաց Գեւորգյանը:

Ի դեպ, միջադեպի օրը Գեւորգյան հարվածներ էր ստացել դեմքի շրջանում, ավելի ուշ նրան դատաբժշկի ուղեգիր էր տրվել:

«Իրենց ասելով` եղել է մեկ կամ երկու հարված, ծեծ չի եղել, ծեծը երկուսից ավելի հարվածն է եւ ծանր մարմնական վնասվածքը», – ասաց նա:

Ըստ Գեւորգյանի` համալսարանականները պնդել են, թե «Հակահարված» art խմբի տղաներն են մեղավոր տեղի ունեցածի համար:

«Նրանք պատճառաբանեցին, որ դասերը խանգարել ենք, մենք ենք առաջինը հրահրել ամեն ինչը` ծեծը, քաշքշուկը, մենք ուզեցել ենք իշխանությունը բռնի ձեւով տապալել… տեքստը, որ ես կարդում էի բարձրախոսով, Էդիկ Մինասյանը իմ ձեռքից վերցրել էր քաշքշոցի ժամանակ, այդ թուղթը` որպես իրեղեն ապացույց էր, բայց նման բան չկար գրված այդ տեքստում: Մենք ոչ մի քաղաքական քարոզչություն չենք կատարել ուսումնական հաստատությունում», – ասաց Գեւորգյանը:

«Մենք Էդիկ Մինասյանի դեմ ոչինչ չունենք, բազմիցս ասել ենք, որ եթե ինքը մեզ ոչինչ չասեր, մենք այդ կոչը ասելուց հետո նորմալ պետք է դուրս գայինք հաստատությունից ու դուրս էինք գալիս: Ինքը չգիտեր մենք ինչ ենք ասում, տեքստում ինչ էր գրված: «ենք չգիտեինք, թե Մինասյանը Պատմության դասագրքում Մարտի 1-ի թեմայով ինչ  է գրել: Մենք ոչ մի նպատակ չենք ունեցել Մինասյանի դեմ», – մանրամասնեց Գեւորգյանը:

«Հակահարված» art խմբի հիմնադիր անդամը անիմաստ է համարում քրեական գործի հարուցումը մերժելու ոստիկանության որոշման բողոքարկումը, սակայն պնդում է, որ շարունակելու են իրենց ակցիաները տարբեր ուսումնական հաստատություններում:

Հովհաննես Շողիկյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031