Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահական ընտրությունների մասին. «Հարսը կա, փեսան կա, հարսանիքի գեներալը կա»

Հունվար 08,2013 16:50

Տարբեր քաղաքագետների հետ զրույցում Aravot.am-ը պարզեց, որ նրանց մեծամասնությունը ՀՀ նախագահի թեկնածուների ընտրվելու շանսերը՝ բացառությամբ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, զրոյական է գնահատում:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թեկնածուների առատության այլ պատճառներ էլ է տեսնում. «Չեմ բացառում, որ նրանք այլ նպատակներ են հետապնդում թեկուզ քաղաքական PR-ի կամ դիվիդենտներ ձեռք բերելու առումով: Նախագահական ընտրությունները գործնականում արդեն ավարտվել են: Եվ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցները պարտվել են շատ ավելի շուտ, քան ընտրությունների օրը: Խոսքը առաջին հերթին ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մասին է»:

Մեր այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ից կարծիքներ են հնչում, թե սա բոյկոտ է, ոչ թե պարտություն, երբ երկրի գլխավոր քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին, Հ. Մելիք-Շահնազարյանն այսպես պատասխանեց. «Չմասնակցելով նման բոյկոտ չի լինում: Չէի ասի, թե գլխավոր քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին: Օրինակ՝ «Ժառանգությունը», որ խորհրդարանական կուսակցություն է, կամ ՀՀԿ-ն, մասնակցում են ընտրություններին: Խորհրդարանական կուսակցությունների մի մասը մասնակցում են և այս պարագայում որևէ բոյկոտի մասին խոսք լինել չի կարող: Պարզապես պարտությունը քողարկելու հերթական փորձ է, որն ավելի նմանվում է պոպուլիստական հայտարարությունների: Պետք է պարզապես գիտակցենք, որ ներկայումս մենք ականատես ենք լինում հետընտրական զարգացումների և այն տրոհումը, որ լինում է բոլոր պարտություններից հետո, հատուկ է նաև ընդդիմադիր դաշտին: Մենք տեսնում ենք որ ՀԱԿ-ը որպես այդպիսին գոյություն չունի, մնացել է միայն գրասենյակը: Ակտիվիստները բաժանվել են տարբեր ճամբարների, առաջնորդը քաղաքական դաշտից հեռացավ: Եվ այս պարագայում խոսել այն մասին, որ չեն պարտվել, այլ բոյկոտել են, պարզապես ծիծաղելի է»:

Իսկ այն հարցին՝ հասարակությունը շահո՞ւմ է, թե՞ տուժում, քաղաքագետը պատասխանեց. «Այն, որ քաղաքական դաշտը մաքրվում է անցյալի բեռից, դրական երևույթ է: Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահության տարիներին ավելի թարմ ուժեր կլինեն քաղաքական դաշտում»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս կարծում է, որ Ս. Սարգսյանից բացի ոչ մի թեկնածու հաղթելու շանս չունի և մանրամասնում. «Նույնիսկ Հայրիկյանն է խոստովանում, որ շանս չունի: Թեկնածուների մի մասը լավություն է անում իշխանությանը, մի մասն էլ ներկայանում է հասարակությանը: Կենսագրության մեջ մտնում է, որ եղել է ՀՀ նախագահության թեկնածու, դա մնում է թոռների համար: Մի մասն էլ երևի ասելիք ունի, Հայրիկյանն ու Բագրատյանն ասում են, որ ասելիք ունեն: Ասելիք չունեցողները պիտի պայքարեն ունեցողների դեմ և այս ամենը տալիս է գումարային քաղաքական գործընթաց: Ամեն ինչ կա: Հարսը կա, հարսնացուն կա, փեսան կա, հարսանիքի գեներալը կա, այսպես ամեն ինչը նորմալ է լինում: Բայց իրականում կա մի թեկնածու, որը արդեն հաղթած է: ԲՀԿ-ի՝ ընտրապայքարից դուրս գալը կամ նրան դուրս բերելը ՀՀ քաղաքական կյանքի համար ունեցավ փակուղային լուծում: Նա իրավունք չուներ դուրս գալու: Քաղաքական կյանքը բեմականացման դեմոկրատական ընթացակարգի մեջ է, որի բովանդակությունը մեկ թեկնածուն է՝ իր ապահովված հաղթանակով: Մեծ հաշվով հասարակությունը չի շահում: Բայց դրական է այն, որ սերունդը, որը արցախյան պատերազմից սկսած բեմի վրա է, բացարձակ զրո դուրս եկավ՝ բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ բոլորը կրախի են ենթարկվել: Սա ՀՀ ընդդիմության քաղաքական նոմենկլատուրան է: Նոմեկլատուրա է, որ իրենք ինչքան նախագահ փոխվել է, չի փոխվել, առաջին դեմքերով հանդես են գալիս: Այդ առաջնորդները կրախի են ենթարկվել: Դրա համար էլ ժողովրդի խոսքով ասած հանկարծ մաղվեցին, նրանք վերջապես թող վերջանա գնան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031