Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեռացրել են արգանդը, ձվարանները, երիկամը, միզածորանն էլ կարել են

Հունվար 08,2013 16:35

Չորս տարի առաջ Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանի կինը` Նունե Մաղաքյանը, «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» (Մարգարյան) ենթարկվել է վիրահատության: Պրոֆեսոր Գեորգի Օկոեւի գլխավորությամբ, բժիշկները հեռացրել են կնոջ արգանդը, փողերը, ձվարանները, երիկամը, միզածորանն էլ կարել են` պատճառաբանելով, որ կյանքի հետ անհամատեղելի խնդիր է: Մինչդեռ Կարապետ Կարապետյանը չվստահելով հայաստանյան փորձագիտական կենտրոնների փորձաքննության արդյունքներին, ծախսելով մեծ գումարներ, պարզել է, որ հայ բժիշկների ցուցումը ճիշտ չէր եւ որ կնոջ օրգանները հնարավոր էր եւ պահպանվեր, եթե հայ բժիշկները փոքր-ինչ սրտացավ մոտենային: Վիրահատությունից հետո, տուժածների դիմումով հարուցվել է քրեական գործ:

Aravot.am-ի հետ զրույցում Նունե Մաղաքյանի ամուսինը պատմեց, որ 1500 եվրո է վճարել եւ գործում առկա բոլոր փաստաթղթերը նոտարական թարգմանությամբ եւ կնիքով ուղարկել է Գերմանիայի հայտնի կլինիկաների մասնագետներին, որոնք վեց ամիս խնդիրը ուսումնասիրելուց հետո եկել են այն եզրակացության, որ բոլորովին էլ պարտադիր չէր միանգամից այդքան օրգան հեռացնել. «Կինս հետազոտվել էր «Էրեբունի» հիվանդանոցում եւ ընկերների խորհրդով վիրահատվել է «Մարգարյան» հիվանդանոցում: Ձվարանի կիստա ուներ, բայց բժիշկները նախ հեռացրին արգանդը՝ փողերով, ձվարանները, երիկամը եւ միաժամանակ կարեցին միզածորանը: Մեզ հետ վիրահատության համաձայնագիր են կնքել, բայց դա այնպես է կազմված, որ դրանով կարելի է ցանկացած վիրահատություն կատարել, այնտեղ չի նշվում, թե ինչ վիրահատության մասին է խոսքը: Համաձայնագրում պետք է մանրամասն նշվեր բժշկի կատարած գործողությունների մասին, բայց ոչ մի խոսք չկա»:
Կ. Կարապետյանի խոսքերով, գերմանացի մասնագետների պատասխանը հաշվի առնելով, դիմել է դատարան, սակայն նրա հայցը մերժել են` պատճառաբանելով, որ չեն կարող հիմք ընդունել գերմանացի մասնագետների փորձագիտական եզրակացությունը. «Եվրախորհուրդ են մտնում, բայց Գերմանիայում արված փորձաքննության արդյունքները արժանահավատ չե՞ն համարում: Մեր իշխանական էլիտայի 99 տոկոսը գնում Գերմանիայում է բուժվում»:
Ըստ Կարապետ Կարապետյանի. «Մենք էլ չենք հավատում մեր երկրի փորձագետներին, Հայաստանը փոքր է, եւ բոլոր բժիշկներն իրար հետ մտերիմ են: Այս գործով կազմված հանձնաժողովում բոլորը Օկոեւվի կոլեգաներն են եւ պարզ չէ՞, որ որեւէ մեկը մյուսի սխալը ջրի երես չի հանի: Կանանց 20-30 տոկոսը ձվարանի կիստա ունի, տանենք բոլորին էլ հեռացնե՞նք: Ձվարաններն ու արգանդը հեռացնելով՝ նրան զրկել են մայրանալուց, մարդուն ցմահ զրկել են սեռական կամքով ապրելու ցանկությունից»:
Կ. Կարապետյանը նաեւ պատմեց, որ «Մարգարյանի» տնօրինությունը լռելու եւ աղմուկ չբարձրացնելու դիմաց Կարապետյանների վիրահատությունը ձեւակերպել է պետպատվեր, մինչդեռ Կ. Կարապետյանի խոսքերով, իրենց անվճար ուղեգիր վիրահատության ամենեւին էլ չի հասել. «Պետպատվեր են ձեւակերպել եւ մեր փոխարեն վճարել, անվճար ուղեգրերը ընչազուրկ խավի համար են, բայց վիրահատությունից առաջ ես պայմանավորվել էի, որ 700 դոլար պետք է վճարեմ, ինչո՞ւ են պետպատվեր արել, մեզ ասացին՝ գնացեք բոլոր չեկերը բերեք, մենք կվճարենք, մենակ թե լռեք: Այսինքն` մի աղքատ մարդու փոխարեն, չէ,՞ մեզ արեցին անվճար»:

«Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւի պատասխանը կտեղադրենք առաջիկայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Չենք լռելու» նախաձեռնության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031