Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի գնահատել Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ արված այն հայտարարությունը, ըստ որի Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, ասաց. «Արձագանքը պետք է կոնկրետ ուղղվածություն ունենա: Նախ պետք է պարզել՝ թե ո՞վ է ստախոսը, որովհետեւ հապշտապ, հանպատրաստից, չմտածված քայլերը տեղին չեն լինի: Պետք է մեծ ազգի, մեծ պետության, մեծ ժողովրդի անունից եւ նրան վայել ձեւով խոսել»:
Նա նաեւ հավելեց. «Մենք տարբերվում ենք նույն ադրբեջանցիներից ակտիվությամբ, նրանք բոլոր ճակատներում, այդ թվում՝ տեղեկատվական, շատ ավելի եռանդով են գործում, քան մենք: Դուք կարող եք ասել՝ նրանք կեղծիք են տարածում, բայց էդ դեպքում մենք ինչո՞ւ ենք ճշմարտությունը թաքցնում: Իսկ ինչ անել… Կան բանաձեւեր, որոնց պետք է հարազատ մնանք, կան բանաձեւեր, որոնց մասին չպետք է բարձրաձայնենք, թե չէ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը կարող է մի այնպիսի սխալ բան ասել, օրինակ՝ ՄԱԿ-ի կամ եվրոպական որեւէ այլ ամբիոնից, որ հետո ուղղելը դժվար լինի: Դիվանագիտությունը գիտություն է, հարկավոր է գործել կշռադատված եւ հեռահար նպատակներ հետապնդել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի