Չնայած Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է իր որոշումը, որ չի ունենալու թեկնածու եւ չի սատարելու որեւէ մեկին, սակայն առանձին կոնգրեսականներ հնարավոր է չենթարկվեն ՀԱԿ-ի այդ որոշմանը:
Այսօր Aravot.am-ի հարցին` Դուք որոշե՞լ եք, սատարելո՞ւ եք Հրանտ Բագրատյանին, թե՞ ոչ` ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը պատասխանեց, որ դեռ վերջնական որոշում չկա: Իսկ թե ինչի՞ց է կախված այդ որոշումը` Արմենակ Դովլաթյանը պատասխանեց. «Ներքին քննարկումներ են դեռ գնում, որոշում կընդունվի»: Մենք ճշտեցինք` ներքին քննարկում կոնգրեսականների՞ մեջ` նա հստակեցրեց, որ իրենց կուսակցության ներսում. «Խոսքը մեր կուսակցության մասին է, եւ քննարկումներն էլ ներկուսակցական են»:
Ուշագրավ էր հատկապես Արմենակ Դովլաթյանի պատասխանը` կապված նախագահական ընտրություններին առաջադրվելու եւ Սերժ Սարգսյանի ապօրինի ռեժիմը լեգիտիմացնելու որոշ կոնգրեսականների մեղադրանքի հետ: Մեր հարցին` Դուք է՞լ եք այդպես կարծում, որ առաջադրվելով` լեգիտիմացնում են իշխող ռեժիմը` նա պատասխանեց. «Նայած ինչպես մոտենալ այդ հարցին: Ե’վ այո, ե’ւ ոչ»:
Մենք խնդրեցինք բացատրել` ինչու այո եւ ինչու` ոչ: Նա խոստացավ դրա պատասխանը տալ մի քանի օրից, երբ վերջնական կորոշեն` սատարելո՞ւ են Հրանտ Բագրատյանին, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ