Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Ճշտել՝ ստում են վրացինե՞րը, թե՞ ադրբեջանցիները (Տեսանյութ)

Հունվար 08,2013 15:40

Այսօր «Հայելի» ակումբում Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մեկնաբանելով Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ արված այն հայտարարությունը, թե Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, ասաց, որ դա առաջին դեպքը չէ, ուստի հայկական կողմն իրավունք չունի այն առանձին դիտարկել՝ անկախ մեծ քաղաքականության համատեքստից:

Խոսելով այդ հայտարարության ադրբեջանական կողմի «ընկալման» մասին, պարոն Մանասյանը շեշտեց. «Դա քաղաքական կուրս է, կեղծիքի եւ ապատեղեկատվության քաղաքական ուղեգիծ: Եվ մենք պետք է քննենք հենց ադրբեջանական քաղաքական վարքագծի խնդիրը»:

Քաղաքագետը Իլյա 2-րդի հետ կապված միջադեպը դիտարկում է 3 տեսանկյունից: Նրա ձեւակերպմամբ՝

ա) Վրաց պատրիարքն այնուամենայնիվ ոչ պաշտոնական ձեւով՝ չնախատեսված հրապարակման համար, ականջ շոյող բան է ասել, մտածելով որ դա կմնա իբրեւ «խոհանոցային» լուր, մինչդեռ պետք է հաշվի առներ, որ Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն տվյալ պահին ներկայանում է որպես քաղաքական կառույցի վարչության նախագահ ու ոչ սոսկ հավատացյալ:

Մյուս երկու տարբերակներն էլ, քաղաքագետի ասելով, հետեւյալն են. «Հնարավոր է՝ Իլյա 2-րդն ասել է, հետո փոշմանել, բայց դա մի վտանգ ունի՝ գուցե պահպանված լինի համապատասխան ձայնագրություն: Կամ էլ Վրաց պատրիարքն ընդհանրապես ոչինչ չի ասել, գուցե ասել է հեռավոր մի բան, որը ադրբեջանցիների կողմից ձեւախեղվել է՝ նպատակ ունենալով փչացնել առանց այն էլ ոչ փայլուն հայ-վրացական հարաբերություններն այդ դաշտում»:

Ըստ Մանասյանի, Ադրբեջանը հավասարության նշան է դնում ԼՂՀ եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի խնդիրների միջեւ, մինչդեռ դրանք տարբեր են. «Մենք ոչինչ չենք արել, որ վրացական հանրությունը դրանք ընկալի իբրեւ տարբեր պրոբլեմներ, իսկ մենք ոչինչ չենք անում, որ վրացական հանրությունը ճիշտ ընկալի: Մենք չպետք է թողնենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մնա այդ մտայնության սահմաններում, պիտի գործի դնենք քարոզչական բոլոր միջոցները, սակայն ոչ գիտական, ոչ էլ քաղաքական շրջանակներում նման փորձ առայժմ չեմ տեսել»:

Քաղաքագետը համոզված է, որ հայկական կողմը պետք է գործի ողջամտության շրջանակում ու փորձի ճշտել, թե որ կողմն է ստում՝ վրացինե՞րը, թե՞ ադրբեջանցիները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031