«Մենք ունենք քաղխորհրդի որոշում` այս փուլում որեւիցե թեկնածուի մենք չենք պաշտպանելու»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե հնարավո՞ր է սատարեք Հրանտ Բագրատյանին` այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:
Մենք հետաքրքրվեցինք` Դուք է՞լ եք մյուս կոնգրեսականների նման կարծում, որ նրանք, ովքեր առաջադրվում են, սատարում են Սերժ Սարգսյանի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը` Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Գիտեք, ես չգիտեմ իրենք ինչպիսի բացատրություն են տալիս, բայց այս ռեժիմի առկայության դեպքում օրինական ընտրություն չի կարող լինել եւ դնեն-չդնեն, միեւնույն է, ռեժիմն օգտագործելու է ողջ վարչական, ֆինանսական ռեսուրսները եւ վերարտադրվելու է: Իսկ մենք դեկտեմբերի 6-ին ստեղծել ենք հակակոռուպցիոն հանձնախումբ, զբաղվում ենք դրանով եւ պետք է այս իշխանության դեմքը ցույց տանք` կոռումպացված, օլիգարխիկ, կրիմինալ դեմքը»:
Մեր հարցին` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, Դուք դարձյա՞լ ասելու էիք, որ դնի-չդնի, միեւնույն է, ռեժիմը վերարտադրվելու է` նա պատասխանեց. «Ես ասել եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն ռեսուրս չուներ: Ինքն էլ հաշվարկեց եւ տեսավ, որ չի կարող այս ռեժիմի դեմ: Թուլացրեցին Կոնգրեսը, բերեցին այսպես փաստի առաջ կանգնեցրեցին»:
Թե ըստ իրեն ինչի՞ համար են պայքարում ընդդիմադիր գործիչները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, արդյոք պաշտոնների համա՞ր են մտել պայքարի մեջ` նա պատասխանեց. «Իրենց հարցրեք: Ես չգիտեմ, չեմ էլ ուզում մեկնաբանել, որովհետեւ բացի Րաֆֆիից…եթե Րաֆֆիի նկատմամբ որոշակի այսպես դրական բան ունեմ, ապա մյուսներն ինձ համար կան-չկան` միեւնույն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ