Ժամանակակից սպորտի գերաստղ, արագավազորդ Ուսեյն Բոլտը բացահայտել է իր խելահեղ արագության գաղտնիքը, որը նրան բազում հաղթանակներ է պարգեւել:
Պարզվում է, որ եզրագծի ժապավենն առաջինը հատելիս նա մտածում է ոչ թե, ասենք, մոր կամ Ջամայկային փառք բերելու, այլ ընկերուհու` Մեգան Էդվարդսի, հետույքի մասին: Հենց այդ մտքերով է նա հաղթել Լոնդոնի օլիմպիական խաղերում: 100 մետր արագավազքի եզրափակչից առաջ Մեգանը նրան ուղարկել է իր մարմնի այդ հատվածի լուսանկարը` հետեւյալ մակագրությամբ. «Երբ ժապավենը հատելիս լինես, մտածիր հետույքիս մասին»: Դա այնքան է ոգեւորել Բոլտին, որ նա մրցատարածությունն անցել է սովորականից արագ եւ ոսկին նվաճել 9,63 վայրկյան արդյունքով: Մտքում նույն պատկերի հետեւից սլանալիս նա հաղթել է նաեւ 200 մետրում: Իսկ ահա 4×100 մետր փոխանցավազքից առաջ վազորդն ընկերուհուց մեկ այլ լուսանկար է խնդրել: Եվ Մեգանը նրան մի այնպիսի բան է ուղարկել, որ ջամայկացիները հաղթել են աշխարհի ռեկորդով: Իսկ թե ի՞նչ նկար է եղել դա, զույգը պահում է որպես մեծագույն գաղտնիք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ