Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ով տանը նստում է, կամա թե ակամա մասնակցում է այս իշխանության վերարտադրմանը»

Հունվար 08,2013 12:59

«Փետրվարի 18-ին տեղի է ունենալու ընտրական հեղափոխություն, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը ջարդելու է ուժային, մաքսային եւ հարկային այն համակարգը, որը 20 տարի իշխում է Հայաստանում: Ես հարգում եմ բոլոր թեկնածուներին, հատկապես Հայրիկյանին եւ Բագրատյանին, որոնք մեր պետականության հաստատման ակունքներում են կանգնած: Ամենահեշտը տունը նստելն էր, եւ իրենք փորձեցին մասնակցել»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի հայտարարություն արեց նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ «Կեղծ, սուտ կատեգորիա է, որ ասում են, թե կանխորոշված են այս ընտրությունների արդյունքները: Ով տանը մնա մինչեւ փետրվարի 18-ը եւ այդ օրը, կամա թե ակամա ինքը մասնակցում է քաղաքացիական հնազանդության հաղթարշավին եւ ինքը ուզում է՝ չմասնակցելով,ապահովել այս իշխանության վերարտադրումը: Ոչ թե հակառակը, այլ հենց չմասնակցողները ակամա կվերարտադրեն այս իշխանությունը: Իմ կոչն է քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, չմասնակցող քաղաքական ուժերին, որ իրենք անպայման մասնակցեն, որովհետեւ սա լինելու է պատմական ընտրություն»:

Նա ՀՀ նախագահին կոչ արեց անտարբերության չմատնել իր նամակը, որը երկու անգամ ուղարկել է իրեն:

Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում էր, որ պատմական ընտրություններ են լինելու, լրագրողների հարցին՝ չե՞ք կարծում, որ սա լինելու են ամենա ոչ մրցակցային ընտրությունները՝ պատասխանեց, որ դա կեղծ առաջարկ է եւ որ ինքը չի վախենում պարտվելուց. «Նույն այդ ուժերը 5 տարի առաջ նույն Հայաստանում լավ էլ մրցակցում էին: Եվ հիմա որոշել, որ դա չպետք է անել, ես հարգում եմ իրենց որոշումը, ոմանց համար հարցեր են առաջանում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ պայքար է լինելու Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների միջեւ: «Ժառանգության» առաջնորդի խոսքերով՝ «Մի բան ինձ համար ակնհայտ է, ես չեմ սպասելու կախարդական փայտիկի»:

Նա իր շանսերը գնահատելիս նշեց, որ իր համեստությունը թույլ չի տալիս նման գնահատական տալ, բայց լինելու է երկրորդ փուլ, որտեղ ինքը պայքարելու է Սերժ Սարգսյանի հետ:

Հարցին՝ եթե 5 հոգու չկարողացաք մի հայտարարի բերել, ինչպե՞ս եք ժողովրդին մի հայտարարի բերելու՝  պատասխանեց. «Ինձ համար ճշմարտությունը ամեն ինչից բարձր է: Ես երդում կտամ հայ ժողովրդին, որ ճշմարտախոսությունը ամենաբարձրն է: Ես չեմ ընդունում այդ քննադատությունը: Ես տեսնում եմ այս հարցի լուծումը կուսակցական համակարգից դուրս: Նրանք, ովքեր սրտնեղում են, որ այն լավ պատգամավորները, որոնք ծառայում էին՝ չկան, իրենք կլինեն, մենք բոլորով պատրաստվում ենք այն ընտրական հեղափոխության, որը լինելու է փետրվարի 18-ին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հերքեց, որ ընտրագրավի հարցում իշխանություններն իրեն օգնել են. «Ես եմ ապահովել ընտրագրավը, թեեւ ըստ օրենքի՝ մենք ՀՀ քաղաքացիներից կհավաքենք այն 100 մլն դրամը, եւ դրանից ավելին չենք ծախսելու»:

Aravot.am-ի հարցին՝ եթե այնուամենայնիվ չլինի հաղթանակ, ի՞նչ սպասենք՝ լինելո՞ւ է հացադուլ, հրապարակում հանրահավաքներ, ո՞ր հարթակում է շարունակվելու պայքարը՝ նա պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է»: Նշենք, որ «Հնարավոր է» արտահայտությունը Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսներից մեկն է:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հանեք Ձեր թեկնածությունը՝ ընդդիմադիր գործիչներից մեկի օգտին՝ հանուն համախմբման՝ նա չբացառեց՝ նշելով, որ ինքը չի մրցակցում Հայրիկյանի եւ Բագրատյանի հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031