Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկի վրա գրեք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլոց անունները

Հունվար 08,2013 12:24

Առաջին։ Ուզենք թե չուզենք, այնպես է ստացվել, որ հիմա չկա այն այլընտրանքային թեկնածուն, որին ձայն տալով հայ հասարակությունը կկարողանա ազատվել այս իշխանությունից եւ իրականացնել տարիներ շարունակ խմորվող հեղափոխության ծրագիրը։

Երկրորդ։ Թեկնածու չկա ոչ թե այն պատճառով, որ երկրում արժանավոր եւ համարձակ մարդ չի մնացել Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար, այլ պարզապես երկրում ապրող արժանապատիվ եւ համարձակ մարդիկ հասկացել են, որ այս երկրում ընտրություններով այլեւս ոչինչ հնարավոր չէ փոխել, ուստի անիմաստ է մտնել մի գործընթացի մեջ, որի վերջնարդյունքը հայտնի է անգամ առաջին դասարանցուն՝ Սերժը կեղծելու է ընտրությունները՝ վերստին զավթելով նախագահի աթոռը։

Այս երկու իրողությունների համատեքստում՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի գծագրած սցենարով ՀՀ քաղաքացին վերստին դուրս է մնում քաղաքական գործրնթացներից, երկրի քաղաքական-պետական համակարգի ձեւավորման հարցում մասնակցություն ունենալու հնարավորությունից։ Այսինքն՝ թե այն ժամանակ, երբ իշխանության թեկնածուի դեմ առաջադրվում էր ընդդիմադիր հաղթող թեկնածու, թե հիմա, երբ չկա այդ թեկնածուն, հասարակությունը, միեւնույն է, մնում էր եւ մնում է առանց վճռական դերակատարման։ Այս առումով Հայաստանում գրեթե ոչինչ չի փոխվել։ Պարզապես հասարակությունն իր անտարբերությամբ եւ ապատիկ կեցվածքով պարտադրել է իր խաղի կանոնը, բայց ոչ թե ռեժիմին, այլ ընդդիմությանը՝ նրան լիազորելով չմասնակցել ընտրություններին եւ Սերժ Սարգսյանին միայնակ թողնել իր անփառունակ հաղթանակի հետ միասին։ Այսպիսին է իրավիճակը հիմա Հայաստանում, բայց նույնիսկ այս իրավիճակում էլ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, միեւնույն է, ցանկություն են ունենալու քաղաքացիական դիրքորոշում հայտնել եւ ինչ-որ ձեւով մասնակցել ընտրություններին։ Ահա այստեղ է, որ անելիք ունենք բոլորս՝ ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը, լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվ նախաձեռնության անդամներն ու այն մարդիկ, որոնք մտավորականի դիրքերից մշտապես եղել են երկրի քաղաքական-հասարակական գործընթացների կիզակետում։

Ո՞րն է այդ անելիքը. կարծում ենք՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ակտիվորեն կոչ անի ՀՀ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Այն ուժերը, որոնք կարող էին թեկնածու առաջադրել, բայց չառաջադրեցին՝ վերոնշյալ երկու իրողությունը հաշվի առնելով, կարող են կոչ անել իրենց համախոհներին գնալ տեղամասեր եւ քվեաթերթիկի վրա գրել իրենց պատկերացրած նախագահի թեկնածուի անունը։ Դաշնակցականների ընտրագանգվածը, օրինակ, կարող է քվեաթերթիկի վրա գրել Արմեն Ռուստամյանի, Վահան Հովհաննիսյանի կամ Հրանտ Մարգարյանի անուն– ազգանունը, ԲՀԿ-ականները կարոդ են քվեաթերթիկի վրա գրել Գագիկ Ծառուկյան, ՀԱԿ համակիրներն էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Մարդիկ կլինեն, որոնք ցանկություն կունենան գրելու Պուտին, Օբամա, ոմանք էլ՝ Շակիրա կամ Թաթա Սիմոնյան (սոցիոլոգիական տարբեր հարցումներ վկայում են, որ կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ինչպիսին կուզենայիք լիներ ՀՀ նախագահը հարցին պատասխանել են՝ Պուտինի նման բարի, Թաթայի պես քեֆ անող, Շակիրայի նման գեղեցիկ եւ այլն, ուստի պետք չէ անտեսել քաղաքական հստակ կողմնորոշում չունեցող եւ այդ իդեալներով ապրող մարդկանց՝ ընտրության հնարավորությունը)։

Ի դեպ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն սկսվել է մի այդպիսի նախաձեռնություն. «Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու Լեւոն Տեր-Պետրոսյան». ահա այսպիսի միանման ստատուսներով ՀՀ տարբեր քաղաքացիներ վիրտուալ հարթակում միմյանց կոչ են անում քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին՝ այդպիսով աննախադեպ մեծ քանակի անվավեր քվեաթերթիկներ ապահովելով այս ընտրություններին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետաքրքիր եւ նոր իրավիճակ կստեղծվի երկրում, եթե անվավեր քվեաթերթիկների տոկոսը գերազանցի Սերժ Սարգսյանին տրված կողմ քվեների տոկոսին։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031