Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե այդ առեւտուրն ինչ քաոսի կվերածվեր, եթե «Մեծ գործը» հաջողությամբ պսակվեր

Հունվար 08,2013 11:50

Հարյուրավոր մարդիկ իրենց վերջին հարյուր դրամով գալիս էին Ազատության հրապարակ ժամերով կանգնում, անձրեւի տակ թրջվում, ձյան տակ դողում, արեւից վառվում եւ արդարություն էին պահանջում։ Նրանք ոտքով վերադառնում էին իրենց տուն ու նույնիսկ հաց չէին ունենում ուտելու, սակայն չէին տրտնջում, որովհետև գիտեին՝ մեծ գործ են անում։ Մարդիկ, նույնիսկ, այնպիսի հերոսության էին գնում, ինչպես սեփական, սեփական երեխայի անվտանգությունը, առողջությունը, ազատությունը սպառնալիքի տակ դնելով այլ մարդու ֆիզիկական անվտանգության մասին հոգալն է: Դրանք հիանալի տարիների էին, վերելքի, հոգեւորի, համերաշխության տարիներ էին։ Ու այդ տարիներին «Մեծ գործը» անողների շրջանում, իսկ նրանք մեծ, շատ մեծ թիվ էին կազմում, տեղ չուներ փոքրոգությունը, ճղճիմությունը, ստորությունը, վախը, մորթապաշտությունը, փոխարենը՝ բոլորը համակված էին հերոսությամբ, անձնազոհությամբ, հավատով։ Նրանք հավատում էին իրենց, հավատում էին կողքինին, հավատում էին այն գործին, որ բոլորինն էր ու բոլորով միասին էին անում։ Ու չէին հաշվում՝ ով ինչ է անում, կշեռքի վրա չէին դնում իրենց արածն ու մյուսների արածի հետ այն չէին համեմատում, յուրաքանչյուրը անում էր առավելագույնը, որ ինքը կարող էր անել եւ զորավիգ էր լինում մյուսներին։

Այսօր արդեն իրավիճակը բոլորովին այլ է։ Որքան էլ ցավալի է, բայց այսօր այդ նույն մարդիկ փոքրացել են, երբեմնի հերոսությունից, անձնազոհությունից հետք անգամ չի մնացել, դրանք իրենց տեղը զիջել են փոքրոգությանը, ցինիզմին, որոշ դեպքերում ստորությանը, իսկ որ ավելի վատ է՝ հիմնականում՝ պարզ առեւտրին։ Մարդիկ սկսել են հաշվել իրենց արածը, իրենց կորցրածը, համեմատել այն կողքինի արածի ու կորցրածի հետ։ Սկսել են հիշել, թե ինչ վտանգների են իրենց ենթարկել հանուն ուրիշի, եւ հաշվել՝ արդյոք համարժեք փոխհատուցում ստացել են, թե՝ ոչ։ Որոշ դեպքերում բավարարված են, որոշ դեպքերում իրենց շահագործված են զգում։ Սկսել են հարցեր բարձրացնել, թե զրկանքի որ տեսակն է ավելի դաժան եղել, ու բնականաբար յուրաքանչյուրի համար հատկապես իրեն բաժին հասածն է ամենադաժանը։ Երբեմնի զորակցության փոխարեն, բոլորը սկսել են բոլորի վրա ինչ-որ բան ծախել։ Ու պարզվում է, որ բոլորը ինչ արել են, ինչ կրել են, դա չեն արել իրենց համար, իրենց խղճի համար, իրենց հերոս զգալու, ի վերջո իրենց մարդ զգալու համար։ Պարզվում է՝ յուրաքանչյուրը ինչ արել է, արեւ է կողքինի համար եւ հիմա կողքինից պատասխան է սպասում՝ չգիտես շնորհակալության, աշխատանքի, պաշտոնի, ոսկյա զարդի, հերոսի կոչման, թե ուրիշ որեւէ այլ բանի տեսքով։ Այնինչ՝ այդպես չի լինում։ «Մեծ գործը» ուրիշի համար չի արվում, հերոսությունն էլ չափման միավոր չունի, հնարավոր չէ կշռել, հետեւաբար հանարավոր չէ փոխհատուցել։

Հերոսությունը անգին է, այն կամ լինում է, կամ չի լինում։ Եվ եթե մարդ, ում հերոսությունը կայացել է «եղբայրասպան» իշխանություններին բոյկոտելով ու աշխատանքից ազատվելով, այսօր իրեն իր արածի համար երջանիկ չի զգում, որովհետեւ ամեն ինչ տապալվել է, եւ ինքը նոր պաշտոն չունի, նշանակում է՝ նա ժամանակին ընդամենը առեւտուր է արել։ Եթե կինը, որի հերոսությունը եղել է վերջին հարյուր դրամով Ազատության հրապարակ հասնելն ու քամու, անձրեւի, ձյան տակ կանգնելը, այսօր իրեն բավարարված չի զգում, թեկուզ նորից հաց չունենալով, «եղբայրասպան» իշխանության հետ համագործակցած, այդ իշխանությանը հպատակված իր հարուստ հարեւանից իրեն ավելի հարուստ չի զգում, ուրեմն ընդամենը աոեւտուր է արել։ Եթե մարդ, ում հերոսությունը եղել է ուրիշի կյանքի մասին հոգ տանելն ու այդ կյանքը փրկելը, ամեն վայրկյան իրեն հպարտ ու երջանիկ զգալու փոխարեն իրեն շահագործված է համարում, նշանակում է նա ընդամենը առեւտուր է արել։ Ու պատկերացնելն անգամ սարսափելի է, թե այդ առեւտուրն ինչ քաոսի կվերածվեր, եթե «Մեծ գործը» հաջողությամբ պսակվեր։ Դատելով այսօրվա վիճակից, մարդիկ պարզապես իրար կոկորդ կկրծեին իրենց արածի, կորցրածի, իրենց զրկանքի դիմաց համարժեք փոխհատուցում ստանալու համար, մի բան որ հնարավոր չէր լինի, քանի որ պարզապես չափման միավոր գոյություն չունի։

Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031