Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանում խմբակային բռնաբարության գործով դատավարությունը դռնփակ կանցկացվի

Հունվար 08,2013 10:43

Մեղադրյալներին դատարանում ներկայացնող փաստաբանն ասել է, թե վերջիններս արժանի են դատապաշտպան ունենալուն՝ նշելով, որ նրանց, հարուստ լինելու դեպքում, կներկայացնեին բարձրակարգ փաստաբաններ

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում 23-ամյա կնոջ խմբակային բռնաբարության մեջ մեղադրվող վեց կասկածյալներից հինգը ներկայացել են դատարան:

Իշխանությունները որոշում են ընդունել դռնփակ անցկացնել դատավարությունը Նյու Դելիի դատարանում այն բանից հետո, երբ իրավիճակը դատարանում վերածվել էր քաոսի: Ըստ գործի քննությունն իրականացնող դատավորի, լսումները դռնփակ կանցկացվեն նաև գործի զգայունության պատճառով:

Դատարանի փոքր դահլիճում երկուշաբթի օրը ստեղծվել էր խառնաշփոթ՝ հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների ներկայության, ինչպես նաև մեղադրյալներին պաշտպանություն առաջարկած փաստաբանի ու նրա գործընկերների միջև վիճաբանության պատճառով: Վերջիններս պնդում էին, որ մեղադրյալներն արժանի չեն դատական պաշտպանության:

Հնդկաստանի ոստիկանությունն անցյալ շաբաթ պաշտոնապես մեղադրանքներ էր ներկայացրել դեկտեմբերի վերջին 23-ամյա մի կնոջ խմբակային բռնաբարության ենթարկած 19-ից  35 տարեկան մասնակիցներից հինգին: Նրանց ներկայացվել են խմբակային բռնաբարության, սպանության և հանցավոր ոտնձգության մեղադրանքներ: Բռնաբարության վեցերորդ մասնակցի դատավարությունը կանցկացվի դեռահասների դատարանում, քանի որ վերջինիս տարիքը ցածր է 18-ից:

Մեղադրյալներին դատարանում ներկայացնելու առաջարկով հանդես եկած փաստաբան Մանոհալ Լալ Շարման ասել է, թե մեղադրյալներն արժանի են դատապաշտպան ունենալուն՝ նշելով, որ նրանց, հարուստ լինելու դեպքում, կներկայացնեին բարձրակարգ փաստաբաններ:

Մեղադրանքի կողմը տեղեկացրել է դատարանին, որ մեղադրյալների մեղավորությունը հիմնավորվում է դատարանին ներկայացված դատափորձագիտական ապացույցներով, ինչպես նաև խմբակային բռնաբարության զոհի կողմից ոստիկանությանը ներկայացված ապացույցներով:

Հինգ մեղադրյալներից երկուսը, որոնք արդեն իսկ խոստովանել են բռնի գործողություններում իրենց մասնակցությունը, առաջարկել են ցուցմունքներ տալ մնացած մեղադրյալների դեմ:

Հնդկաստանի գլխավոր դատավոր Ալթամաս Քաբիրը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ նման գործերի դատաքննությունն անցկացնելու արագացված գործընթաց սահմանելու պահանջով: Քաբիրի համաձայն, բռնաբարության գործերի քննության ձգձգումը կանանց դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճի պատճառն է դարձել:

Հնդկաստանի իշխանությունները, բացի այդ, բարեփոխումներ կիրականացնեն, որոնք նպատակ կհետապնդեն փոխելու այն վերաբերմունքը, որին սեռական բնույթի ոտնձգության մասին հաղորդումներն արժանանում են ոստիկանության և երկրի իրավական համակարգի կողմից:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031