Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծառայում են Սերժ Սարգսյանին

Հունվար 08,2013 10:41

Այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ն հայտարարեցին նախագահական ընտրություններում չառաջադրվելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին, քաղաքական դաշտը ողողվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի «ֆավորիտության» մասին գնահատականներով:

Ամենատարօրինակն այն է սակայն, որ այդ գնահատականները հնչում են ոչ միայն ու ոչ այնքան իշխանական շրջանակներից, որքան «բոյկոտային ընդդիմության» ներկայացուցիչների կողմից: Ընդ որում, այդ գործում ամենաակտիվը ՀԱԿ անդամներն են: Մամուլը հեղեղված է ՀԱԿ-ականների հարցազրույցներով այն մասին, որ Սերժ Սարգսյանը հաղթող մրցակից չունի, որ մնացած բոլոր թեկնածուներն ընդամենը լեգիտիմացնելու են նրա հաղթանակը, և այլն, և այդպես շարունակ: Այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցում են առնվազն երկու ոչ իշխանական թեկնածուներ, որոնցից մեկն էլ` ոչ վաղ անցյալում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն է:

Այն, որ իշխանական քարոզչությունը կերտում է Սերժ Սարգսյանի «հաղթական» կերպարը, միանգամայն հասկանալի է: Դա իշխանական քարոզչության գործն է: Սակայն, մեղմ ասած, զարմանալի է, որ այդ գործով ավելի ջանասիրաբար զբաղված են «ավազակապետության» դեմ պայքարի հիմնական մարտիկները` թերևս ոչ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության ու հանձնարարության:

Այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի` ընտրություններում առնվազն առաջին փուլով հաղթելու հնարավորությունը գրեթե զրոյական է: Այդ մասին վկայում են նախորդ ընտրությունների պաշտոնական արդյունքները: Անցած խորհրդարանական ընտրություններն իշխող ՀՀԿ-ն գնահատում է՝ որպես ամենաաննախադեպ, ամենաարդար և ամենաազատ ընտրությունները Հայաստանի պատմության ընթացքում: Այդ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներով պաշտոնապես ստացել են ձայների մոտ 49 տոկոսը:

Այսինքն` իշխանությունը խորհրդարանում մեծամասնություն չկարողացավ ստանալ և դա ապահովեց միայն մեծամասնական պատգամավորների միջոցով: Մայիսի 6-ի ընտրություններից հետո Հայաստանում որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Իշխանությունը որևէ քայլ չի արել, որով կարող էր շահել ընտրողների վստահությունը: Այսինքն` իրականում ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածն ավելացել է: Իսկ նախագահական ընտրություններին, ինչպես ցույց է տալիս փորձը, ընտրողների մասնակցության ցուցանիշն ավելի մեծ է լինում: Մասնավորապես, անցած նախագահական ընտրություններում մասնակցության թիվը մոտ 150 հազարով ավելի էր այս տարվա խորհրդարանական ընտրությունների մասնակիցների թվից:

Դա նշանակում է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու է ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածը, քանի որ իշխանական ռեսուրսը, այսպես թե այնպես, օգտագործվում է բոլոր ընտրություններում՝ մինչև «վերջին ձայնը»:

Այսինքն` իրականում առաջիկա նախագահական ընտրություններում առնվազն Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի համար միանգամայն իրական մրցակիցներ են, և արդար ընտրությունների դեպքում նրանցից մեկը կարող է անցնել երկրորդ փուլ: Այլ հարց է, որ իշխանությունը երկրորդ փուլի կարող է գնալ միայն հասարակական, քաղաքական ուժերի լայն ճնշման դեպքում:

Մինչդեռ այսօր Սերժ Սարգսյանի «ֆավորիտության» մասին քարոզչությամբ զբաղվող ուժերը` ՀԱԿ-ը՝ ակտիվորեն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ իրենց պասիվությամբ, բացառում են այդ հնարավորությունը: Այսինքն` նպաստում են անաղմուկ ընտրակեղծարարությանը:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031