«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մի քանի տարի առաջ մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի Կրթության ու գիտության հանձնաժողովի նիստերին: ՀԱԿ-ում այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Կարաբեկյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ լուրը: «Այո, նման բան եղել է, նա մի երկու անգամ մասնակցել է մեր նիստերին: Դա մոտ 2,5-3 տարի առաջ էր»,- ասաց նա:
Ի՞նչ կարգավիճակով է նա մասնակցել ՀԱԿ-ի այդ հանձնաժողովի նիստերին, արդյոք ՀԱԿ անդա՞մ է եղել: «Ոչ: Այդ հանձնաժողովը բաց է, և պարտադիր չէ, որ մասնակիցները միայն ՀԱԿ անդամ լինեին: Տարբեր մարդիկ էին գալիս, մտքերի փոխանակություն էր լինում: Մի քանի անգամ նա էլ է երևացել»,- պատասխանեց Ս. Կարաբեկյանը:
Իսկ ի՞նչ էր անում նա այդ նիստերում, ադյո՞ք կրթության ու գիտության ոլորտում ՀԱԿ-ին խորհուրդներ էր տալիս կամ ծրագրեր ներկայացնում, կամ՝ էպոսագիտության հետ կապված դասախոսություն ունենում: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը հայտարարում է, թե իրեն տարբեր կառույցներ հրավիրում են դասախոսություններ կարդալու: «Ոչ, ոչ: Որպես կանոն, լսում էր: Դա ոչ թե ֆիքսված անդամության հանձնաժողով էր, բաց էր, տարբեր մարդիկ էին գալիս: Հանրային բնույթ ուներ»,- ավելացրեց Ս. Կարաբեկյանը: