«Իսկ ե՞րբ են եղել Ջհանգիրյանի հետ իմ հարաբերությունները լավ, որ»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե «Մատաղիսի» գործի հետ կապված նրա մեղադրանքներից ու Գագիկ Ջհանգիրյանին մարդասպան անվանելուց հետո, ճի՞շտ է, որ իրենց հարաբերությունները խիստ լարվել են: Զարուհի Փոստանջյանը վստահեցնում էր, որ իրենց հարաբերությունները միշտ են սրված եղել:
Երբ հիշեցրինք, որ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկումների ժամանակ լավ էին հարաբերությունները՝ պատգամավորը պատասխանեց. «Մարտի 1-ի հանձնաժողովի քննարկման ժամանակ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ հանձնաժողովը բոլորիս խնդիրն էր: Եվ շատ եմ ցավում, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվեց այդ գաղափարից` դնել քվեարկության: Մենք երբեւիցե անձնական ոչ մի խնդիր չենք ունեցել եւ չունենք, իսկ գործնական՝ ես միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ ինքն ունեցել է իր ուրույն դերը այս գործի մեջ: Մենակ ինքը չի»:
Երբ տիկին Փոստանջյանին փոխանցեցինք Մատաղիսի գործի առնչությամբ Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությունը, որ իրենից հետո զինդատախազեր են եղել, որոնք շարունակել են նույն գիծը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ինքը մի այսպիսի հայտարարություն էլ է արել, թե եթե ես մեղավոր լինեի այս գործով, իշխանությունները ինձ այս գործի համար կմեղադրեին: Մենք էլ իրեն ասում ենք, որ այդպես չի, որովհետեւ այս գործով եթե իրեն մեղադրեին, շղթան տեսաք ինչքան մեծ էր, նրա հետեւից շատ մարդիկ էին գնալու, մյուսներն էլ պիտի գնային»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև