Հեղինակ – կատարող Լիլիթ Բլեյանը, ինչպես և խոստացել էր, Ծննդյան օրերին ներկայացրեց իր նոր երգը, որ կոչվում է «Ծննդյան գիշեր»: «Երգը գրվել է մոտ 3 տարի առաջ, բայց ձայնագրել որոշեցի միայն այս տարի: Դժվար էր, քանի որ նախամանորյա շրջանում անվերջ հիվանդ էի, ոչ մի կերպ չէր հաջողվում երգել: Ի վերջո, ձգձգման արդյունքում չհասցրինք պատրաստել միանգամից երկու տարբերակը, և ստուդիայից ստացա միայն անգլերենը: Ամեն դեպքում, հայերենը նույնպես ձայնագրված է, և հուսով եմ, որ մի քանի օրից կկարողանամ տեղադրել իմ էջում», – «Առավոտ երիտասարդականին» ասաց երգչուհին: Երգն ի սկզբանե հայերեն էր, բայց անգլերեն տեքսը՝ ըստ Լիլիթի, այնքան սազեց երգին, որ չդիմացավ ու ձայնագրեց նաև այդ տարբերոկով. «Չի բացառվում, որ էլի չդիմանամ, ու մի օր էլ ձայնագրեմ իմ սիրելի իսպաներենով, թեպետ դեռ չեմ սկսել տեքստը գրել», – ասում է նա: Իսպանախոս երկրներից այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ նամակներ է ստացել, այդ թվում՝ երգի իսպաներեն տարբերակը ստեղծելու առաջարկով, բայց ինչպես նշում է երգչուհին՝ դեռ դիմադրում է գայթակղությանը:
Տիգրանուհի Թասլակյան