Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների ցանկը: Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի անկյունային չափն է կես աստիճան): Միացումներ են կոչվում նաև մոլորակների և Լուսնի իրար մոտ դիտվելու երևույթները: 4-7 մոլորակների դեպքում դիտվում է այսպես կոչված «մոլորակների շքերթ», ինչը շատ հազվագյուտ երևույթ է: Հակառակը, երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):
Ինչպես և խավարումների դեպքում, այս դեպքում նույնպես ժամանակաշրջանն ընտրված է այնպես, որ մատչելի լինեն ինչպես մոտիկ անցյալում տեղի ունեցած միացումները, այնպես էլ առաջիկա տասնամյակներում սպասվող միացումները, որոնք կտեսնեն ներկայիս սերունդները: Միացումները տրված են Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն մոլորակների համար, և ցուցակում բերված է ընդամենը 72 միացում 0.4–8.6 աստիճան անկյունային հեռավորությունների դեպքում: Դրանցից միայն 4-ի դեպքում երեք մոլորակ կդասավորվի 1 աստիճանի սահմաններում` 2029, 2035, 2048 և 2049 թթ.: 2013-ին կդիտվի մեկ եռակի միացում` մայիսի 27-ի առավոտյան Մերկուրին, Վեներան և Յուպիտերը կդասավորվեն 2.43 աստիճանի սահմաններում:
Կայք-էջի հասցեն է https://www.aras.am/Calendar/calendar.htm:
Կարդացեք նաև
Հայկական աստղագիտական ընկերություն