Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուն՝ նախագահի նախկին թեկնածուների մասին. «Հիմա ՀՀԿ-ի պադվալներում վարձով են ապրում»

Հունվար 07,2013 13:46

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը պատրաստվում է վաղը վճարել: Ինչպես ինքն է ասում՝ միտումնավոր է վճարումն այսքան ժամանակ ձգձգել, որ որոշ մարդիկ մի լավ նյարդայնանան:

«Որ որոշ ուժեր՝ հատկապես հասկանալի կենտրոններից, մի քիչ նյարդայնանան դրա համար ուշացումով եմ վճարելու, բայց օրենքով սահմանված ժամկետում: Այս օրերին աշխատանքային օր չի եղել, ո՞նց պետք է մուծեինք, կներեք, եթե բանկերը փակ են, ո՞նց պետք է մուծեինք»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Նա առայժմ չի շտապում իր կարծիքը հայտնել նախագահի մյուս թեկնածուների մասին. «Այսօրվա խնդիրը ոչ թե թեկնածուների առատությունն է կամ որոշների կասկածելի լինելը, այլ այսօրվա իրավիճակի գնահատականն է կարեւոր: Ամեն ինչ ամեն ինչի վերաբերյալ ասված է, հստակ է, ով ինչի համար է առաջադրվել: Բոլոր թեկնածուների հետ կապված իմ գնահատականը կտամ միայն ուղիղ եթերով ու բոլոր թեկնածուների մասին ասելու եմ այն, ինչ բոլորը գիտեն ու չեն բարձրաձայնում»:

Ընտրություններում էլ միակ մրցակից ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին է տեսնում. «Որովհետեւ մեր նպատակը իշխանությունը փոխելն է, ոչ թե իրար նկատմամբ բաներ ասելը»:

«Ազգային համաձայնության» ղեկավարը վստահ է՝ 2013 թվականի նախագահական ընտրությունները 2008-ի ընտրությունների համեմատ ավելի լավն են լինելու: Պատճառներից մեկը նա նորից կրկնեց՝ ընդդիմադիր դաշտում հավանական հաղթող թեկնածուի բացակայությունն է: Լավ ընտրությունների հաջորդ պատճառն էլ, պարոն Հարությունյանը թեկնածուների «որակի» տարբերության մեջ է տեսնում. «Անուններ չտամ, բայց եթե նայում ենք, 2008-ին առաջադրված նախագահի նախկին թեկնածուների մեծ մասը հանրապետականի պադվալներում կամ տարածքում վարձով են ապրում: Ավելի լավ է կյանքում մարդ վարձով ապրի, քան քաղաքական կյանքում: Այդ իմաստով, ես որեւէ մեկի տարածքում վարձով չեմ ապրել, չեմ էլ ապրի»:

Նա կրկին պնդեց, որ ընտրությունների 2-րդ փուլ է լինելու, որովհետեւ, ըստ նրա, իշխանությունները այսօր չունեն 50 տոկոսից բարձր վարկանիշ. «2008-ին համ երկրի վիճակն էր լավ քան հիմա, համ էլ ԲՀԿ-ն սատարում էր, հիմա չի սատարում»:

Մեր հարցին ՕԵԿ-ի սատարելը դեր չի խաղա՞, նախագահի թեկնածուն ասաց. «Ես տենց կուսակցություն չգիտեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031