Լրահոս
Օրվա լրահոսը

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում այս տարի ծեծկռտուք չեղավ

Հունվար 07,2013 13:05

Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է նաեւ Պատրիարքի առաջիկա ընտրության մասին։

Վերջին տարիներին Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը մաքրելիս «ավելակռիվներ» էին տեղի ունենում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ, որոնց ժամանակ արաբ ոստիկանները «կարգի էին բերում» հայ հոգեւորականներին, որոնց թիվը ըստ 2008 թվականի համաձայնագրի 7-ն էր` 25-ից ավելի հույների, շատ դեպքերում` հոգեւորականի հագուստ կրող հունադավան արաբների դիմաց։

Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը քրիստոնեական տոների նախաշեմին բողոք-նամակ էր հղել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին` պահանջելով վերացնել հիշյալ որոշումը։

«Հարցը մեր իրավունքի պաշտպանության մեջն էր, եւ մենք վերջին պահին կարողացանք մեր պայմանը ընդունել տալ պաղեստինյան իշխանության կողմից նշանակված հանձնաժողովին, որ հաջորդ տարի պետք է վերադառնանք նախկին գոյավիճակին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը` հավելելով, որ 2008-ի համաձայնությունը վերջին անգամ է գործել, հայ հոգեւորականները այն հարգել են, «եւ այդ պատճառով է, որ խաղաղ պայմաններում տեղի ունեցավ այս տարի Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան [տաճարի] մաքրությունը հունվարի 2-ին»։

Երուսաղեմի Հայոց պատրիարքի առաջիկա ընտրության կապակցությամբ, որը հայ համայնքի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարց է, Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը ասաց. – «Բարեբախտաբար, Պատրիարքությունը իր ուրույն կանոնագիրը ունի, որի համաձայն մենք կկատարենք Պատրիարքի ընտրությունը։ Մեր ուրույն կանոնագիրը բխում է Ազգային սահմանադրությունից, որ վավերացված էր օսմանյան սուլթանի կողմից 1863 թվին, եւ, հետեւաբար, կշարունակենք այդ կանոնի համաձայն ընթանալ եւ կատարել Պատրիարքի ընտրություն»։

«Պատրիարքի ընտրության համար Միաբանական ժողովն է, որ իր առաջին նիստին կքվեարկի եւ կընտրի 5 թեկնածուներ։ Մեր թեկնածուները պաշտոնապես նախապես չեն հայտարարվում, բայց անուններ շրջում են, իհարկե, նախքան ժողովը, թե որոնք են հարմար եւ արժանավոր պատրիարքական այդ բարձր գահին արժանանալու», – նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահը։

Ըստ շրջանառվող լուրերի, Պատրիարքի երկու ամենահավանական թեկնածուներն են հենց ինքը` Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, եւ Բաբկեն ծայրագույն վարդապետ Անուշյանը, որը ԱՄՆ-ի Նյու Ջերսիի հոգեւոր հովիվներից է։

Հունվարի 23-ին, 24-ին եւ 25-ին էլ տարբեր երկրներից Երուսաղեմ ժամանելիք Հայոց պատրիարքարանի միաբանները առաջադրվելիք 5 թեկնածուներից կընտրեն ապագա Հայոց պատրիարքին։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը վախճանվել է անցած տարվա հոկտեմբերի 12-ին` կյանքի 94-րդ տարում։

Լուսանկարում՝ Հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում, 28-ը դեկտեմբերի, 2011թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031