Լրահոս
Օրվա լրահոսը

Խառը գործի տարօրինակ շարունակություն

Հունվար 07,2013 11:42

Իջեւանցի 14-ամյա Դավիթ Դավթյանը հունվարի 6-ի երեկոյան էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել մի շարք լրատվամիջոցների, մարդու իրավունքների պաշտպանի եւ ոստիկանության լրատվական ծառայություններին: Ռուսերեն գրված նամակում նա հայտնում է, որ պատրաստվում էր իր մոր հետ 2013թ. փետրվարին լքել Հայաստանը, որ իրենք ապրում են տատի մոտ եւ վաճառել են այն բոլորը, ինչ հնարավոր է վաճառել: Որոշ գումար ուղարկել են հարազատները եւ բարի ցանկությունների տեր մարդիկ:

Տղայի վկայությամբ՝ 2012թ. դեկտեմբերի 29-ին իրենց տուն են ներխուժել դիմակներով զինված անձինք, ովքեր Դավթին, նրա մորը, մորաքրոջը եւ տատին ծեծել են, կապել նրանց ձեռքերը, ոտքերը եւ բերանները: Գողացել են բոլոր փողերը, նույնիսկ Դավթի վզի ոսկե շղթան: Գողացել են տան գրքույկը, տան բանալիները, բջջային հեռախոսները, համակարգիչը ջարդել են:

Դավիթը գրում է , որ որ հրաշքով մնացած 2 կտոր ոսկեղենը ոստիկանությունը վերցրել է: Տղան ասում է, որ իրենք հաց գնելու փող չունեն, եւ ինքը սոված նայում է տատի սոված դեմքին: «Ինչպես հաց գնեմ, ասա Հայկական օրենք» ՝ նամակը եզրափակում է Դավիթ Դավթյանը:

Հավելենք, որ ՀՀ ոստիկանության կայքում տեղի ունեցածի մասին հաղորդագրություն չկա:

«Առավոտը» նախկինում տեղեկացրել է, որ Դավիթ Դավթյանի մայրը՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հեռակա բաժնի նախկին վարիչ, Իջեւան քաղաքի 52-ամյա բնակիչ Ֆելմիրա (Ֆեմիդա) Դավթյանը մի ուսանողից 300 դոլար կաշառք վերցնելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: 2011թ. փետրվարի 10-ից նա ազատության մեջ է: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն մինչեւ 2013 թվականի փետրվարը նա պիտի ներկայանա այլընտրանքային պատիժների կիրառման ծառայության աշխատակցին ու ստորագրի համապատասխան մատյանում:

Ֆ. Դավթյանը մտադիր էր 2012թ. մարտի 8-ին Երեւանում ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա այդ փորձը:

Նշենք, որ 2012թ. հունիսի 20-ին Ադրբեջանի պետական հեռագրական գործակալությունում նամակ է ստացվել 14-ամյա Դավիթ Դավթյանից, որը հայտնել է, թե Հայաստանում չի կարող կրթություն ստանալ, չի կարող հաղթահարել իր դեմ հարուցված խոչընդոտները եւ այդ պատճառով «իր փրկությունը որոնում է Հայաստանից դուրս»:

Իսկ 2012թ. հունիսի 22-ին նույն՝ «ԱզերԹաջ» գործակալությունում ստացվել է Դավթի մոր՝ Ֆելմիրա Դավթյանի նամակը: Ֆելմիրան օգնություն է խնդրել տարբեր երկրների կառավարություններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությունից, նաեւ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամից, Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններից եւ լրատվամիջոցներից: Ֆելմիրան գրել է. «Սարքված 300 դոլար կաշառքի համար ինձ 666 օր պահել են բանտում եւ ամեն կերպ ստորացրել են: Չեմ ապրելու այն երկրում որտեղ կազմակերպել են այսպիսի ակցիա՝ «Միասին» եւ «Կաշառակերություն» կարգախոսների ներքո սեւ շրջանակում տեղադրել են իմ եւ հարեւան երկրի նախագահի (Իլհամ Ալիեւի) լուսանկարները: Փրկեցեք մեզ այս դժոխքից, այն պետությունից , որի բանտում ինձ 666 օր տանջել են: Ես ազատվել եմ միայն քաղաքակիրթ երկրների օգնությամբ: Եվ չնայած ես ազատվել եմ, ինձ արգելել են դեռ 666 օր հեռանալ երկրից: Փրկեցեք մեզ այն պետությունից, որտեղ իմ տաղանդավոր տղային՝ 7 գրքերի հեղինակին զրկել են կրթություն ստանալու իրավունքից»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031