Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակավորը եւ մշտականը

Հունվար 06,2013 22:34

Սա Բեթհովենի 8-րդ («Պաթետիկ») դաշնամուրային սոնատի երկրորդ մասն է: Ստեղծագործությունը գրվել եւ հրատարակվել է 1799 թվականին:

Իսկ սա  30 տարի առաջ գրված մի երգ է, որը կոչվում է «Midnight blue» («Գիշերային թախիծ»):

Խոսքերը հետեւյալ են՝

Midnight blue, so lonely without you
Dreams fed by the mem’ries, oh let the music play
Midnight blue, those treasured thoughts of you
Gone now and forever, please, let the music play.

Եվ այլն: Թեթեւ, մակերեսային, ոչ մի բան «չպարտավորեցնող» բառեր: Պետք չէ շատ երաժշտական ականջ ունենալ՝ հասկանալու համար, որ երգի հեղինակը` անգլիացի Լուիզա Թաքերը (որն, ի դեպ, օպերային երգչուհի է) իր երգի սկզբի համար առանց որեւէ փոփոխության վերցրել է Բեթհովենի երաժշտությունը: («Շեղումը» տեղի է ունենում միայն 6-րդ տակտում՝ «դոմինանտա»-ով ավարտելու համար, մինչդեռ Բեթհովենը վերադառնում է «տոնիկա»): Երգը լսեցին 1-2 տարի, հաճույք ստացան եւ մոռացան: Բեթհովենի սոնատը հնչում է 200 տարուց ավելի եւ շարունակելու է հնչել:

Ինչո՞ւ: Որովհետեւ այն գաղափարները, մտքերը, զգացմունքները, որոնք առկա են գերմանացու երաժշտության մեջ, անհամեմատ ավելի խորն են, ունիվերսալ, «գերժամանակային» են՝ նրա մեղեդու տակ սոսկ «գիշերային թախիծ» ներդրած փոփ-երգի հետ համեմատ: Դրանով են տարբերվում ժամանակավորն ու մշտականը, «պոպուլյարը» եւ դասականը:

1914 թվականին Կոմիտասը Պոլսի «Նավասարդ» հանդեսում հրապարակել է իր հոդվածը Վարդաբլուր գյուղում իր իսկ կողմից ձայնագրած եւ, անշուշտ, մշակած «Լոռվա գութաներգի» մասին: Հոդվածում  նա մանրամասնորեն վերլուծում է այդ ստեղծագործությունը, որը խտացված ձեւով մարմնավորում է գեղջկական լավագույն առանձնահատկությունները եւ դրանով, անշուշտ, դառնում է դասական գործ: Որքան գիտեմ, մինչեւ վերջերս փոփ-երաժշտության մեջ ոչ ոք չէր փորձում «Լոռվա գութաներգը» հարմարեցնել թեթեւ ժանրին: Այս վերջին փորձն արված է բավականին զուսպ, ճաշակով, տեսահոլովակի վրա ծախսված են մեծ գումարներ ու աշխատանք: Բայց միեւնույն է՝ փոփ-երգի կյանքը չի կարող երկար լինել, դա ժանրի առանձնահատկությունն է, այդ երգերը, ըստ բնորոշման, պետք է լինեն «նորաձեւ», ժամանակավոր եւ մակերեսային:

Անհիմն են նման երգերի «դասական» հավակնությունները: Նույնքան անհիմն են այդ երգերի դեմ ընդվզումներն ու բողոքները: Ամեն մեկն իր տեղն ունի: Եվ ժամանակը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031