Դամասկոսի Օպերայից հեռուստատեսային ուղերձով դիմելով սիրիացիներին` Ասադը առաջարկել է ազգային հաշտության գագաթնաժողով անցկացնել եւ նոր Սահմանադրություն մշակել:
BBC-ի փոխանցմամբ` սա անցյալ տարվա հունիսից ի վեր Ասադի առաջին հանրային ելույթն էր: Իր ելույթում Սիրիայի նախագահը ընդդիմադիրներին անվանել է «արեւմտյան խամաճիկներ» եւ ասել, որ Սիրիան ուզում է բանակցել «ոչ թե ծառաների, այլ տիրոջ հետ»: Ասադը հայտարարել է, որ Սիրիան չի մերժել դիվանագիտական քայլերը, սակայն նաեւ պնդել, որ չի բանակցի «ահաբեկչական գաղափարներ ունեցող մարդկանց հետ»:
«Կան մարդիկ, որոնք ուզում են մասնատել Սիրիան եւ թուլացնել այն: Բայց Սիրիան ավելի ուժեղ է եւ կմնա սուվերեն պետություն: Եվ սա է, որ տխրեցնում է Արեւմուտքին», – ասել է Ասադը, ում ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է ներկաների ծափողջույններով եւ բացականչություններով:
Կարդացեք նաև
Իր ելույթում Սիրիայի նախագահը նաեւ ասել է, որ իր նախաձեռնությունը կարող է իրականանալ, եթե Արեւմուտքի եւ տարածաշրջանի երկրները դադարեն ֆինանսավորել «մարդասպան հանցագործներին»:
Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան արդեն մերժել է Ասադի առաջարկությունը: Կոալիցիայի խոսնակ Վալիդ Բուննին Reuters-ին ասել է, որ ընդդիմության համար որեւէ լուծում ընդունելի չէ, եթե այն չի ներառում Ասադի եւ նրա կառավարության հրաժարականը:
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական տա: «Արյան ամենամեծ բաժինը նրա ձեռքերին է», – ասել է նա:
ՄԱԿ-ի տվյալներով` կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ արդեն 21 ամիս տեւող բախումների ընթացքում 60 հազարից ավելի մարդ է զոհվել Սիրիայում:
«Ազատություն» ռադիոկայան