Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար Ամանորն էլ է սկսվում հունվարի 6-ից». Ինչպե՞ս ենք նշում Սուրբ ծնունդը

Հունվար 06,2013 18:01

Երեկ՝ հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան տոնի առթիվ եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվեց Սբ. Պատարագ: Սբ. Ծննդյան տոնը շարունակվում է մինչ այսօր գիշեր:

Նոր տարվա հրաշքն իրականում սկսվում է հենց Սբ. Ծննդյան տոնին, երբ մարդիկ եկեղեցուց ճրագ են բերում ու այդպես օրհնում իրենց տունը: 41-ամյա Ալինա Աղաբեկյանը ևս այդ օրինակին է հետևել, ճրագը բերել է տուն ու համոզված է՝ հենց դա է ընտանիքը խաղաղ պահելու մի ամբողջ տարի. «Ճրագը Աստծո օրհնությունն է, նրա լույսը մեր տներում», – ասում է նա:

Սբ. Ծնունդն աչքի է ընկնում նաև ուտեստներով. մի կողմ ենք թողնում Ամանորյա բուդն ու պատրաստում չամիչով փլավ: «Ձուկ, բրնձով փլավ, գաթա, գինի», – սրանք այն պարտադիր ուտեստներն ու խմիչքն են, որոնք յուրաքանչյուր տարի հունվարի 6-ին տեղ են գտնում 53-ամյա Նվարդ Սարգսյանի տան սեղանին. «Ես ավելի շատ հենց Սուրբ Ծննդին եմ սպասում, քան Ամանորին, ինձ համար Ամանորն էլ է սկսվում հունվարի 6-ից», – ասում է նա: 20-ամյա Սիլվա Գալստյանն էլ Սբ. Ծննդյան ֆիլմերն է շատ սիրում. «Չամիչով փլավը, ձուկը պատրաստելուց ու սեղան գցելուց հետո նստում եմ ու պարտադիր նայում եմ իմ ամենասիրելի ֆիլմերը՝ Սբ. Ծննդի մասին, – ասում է նա, – այդ ֆիլմերն ինձ հավատով ու հույսով են լցնում»: «Մենք յուրաքանչյուր տարի Սուրբ Ծնունդը ընտանիքով ենք նշում, հունվարի 5-ի երեկոյան սեղան ենք դնում, որի վրա պարտադիր լինում է՝ ձուկը, փլավն ու գինին, ինչպես նաև իմ պատրաստած չամիչով թխվածքը: Ընտանիքի անդամներով նստում ենք սեղանի շուրջ, աղոթում, հետո գինի ենք խմում ու ճաշակում ուտեստները», – ասում է 27-ամյա Արուսիկ Համբարձումյանը:

Նշեմ նաև, որ Սբ. Ծննդյան օրը իրար ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս» խոսքերով, որոնց ի պատասխան պետք է ասել. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031