ԿԸՀ իր փաստաթղթերը ներկայացրած ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանը չկարողացավ վճարել 8 միլիոն դրամ գրավը, այդ պատճառով նրա թեկնածությունն առայժմ չի գրանցվել: Ռ. Այվազյանը գումարը չվճարելու համար մեղադրում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով մեղադրանքի մանրամասների մասին՝ նա նշեց, որ 2001թ. Խ. Հարությունյանն իր եղբոր անունով ջրի գնով սեփականացնում է մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ թիվ 3 կլինիկական հիվանդանոցը, որին էլ հետևում է ապօրինությունների և հանցագործությունների շղթան: «Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի փաստացի սեփականատեր դարձած հանցագործը, իր բուժաշխատողների հետ համագործակցելով, առանձնակի դաժանությամբ սպանում է իմ հայրիկին: ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, սակայն վերը նշված «դինաստիայի» անմիջական ճնշումների հետևանքով նշանակված դատաբժշկական փորձաքննությունն անհիմն հետաձգելու տարատեսակ մեթոդ է մշակվել:
Հարությունյանի ընտանիքի կողմից իմ և իմ ընտանիքի դեմ կատարվող անօրինականությունները կանխելու համար հարկադրաբար դիմել եմ միջազգային դատարան, քանի որ ինձ օդից ու ջրից կտրելու համար Խ. Հարությունյանի եղբայրը դիմել է դատարան, որ իմ ավտոմեքենաները, անշարժ գույքը (երկու միավոր), զինվորական թոշակը դնեն կալանքի տակ, և այդ է պատճառը, որ ես այսօր չեմ կարողանում ընտրագրավ վճարել»,- ասաց նա:
Ռուբեն Այվազյանն անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ինքը թեկնածուին որպես ԲՀԿ- ական չի ճանաչում, և նշեց, որ ինքը իրավաբանորեն դեռ համարվում է այդ կուսակցության անդամ: «Ես իրավաբանորեն դեռևս ԲՀԿ անդամ եմ: Թեկնածու առաջադրվելու պահին կեղծ տվյալներ չգրանցելու համար նշել եմ ԲՀԿ անդամ լինելու փաստը: Ընտրագրավի համար ես սահմանված ժամկետներում դիմելու եմ վարչական և Սահմանադրական դատարաններ, քանի որ 35 000 000 ՀՀ դրամ արժողությամբ իմ սեփական շարժական և անշարժ գույքը, Խ. Հարությունյանի եղբոր միջնորդությամբ և դատարանի որոշմամբ, դրվել է արգելանքի տակ:
Կարդացեք նաև
Ավելացնեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ ես հնարավորություն ունեմ ընտրությունները 54 օրով հետաձգելու, քանի որ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգվում են, որից հետո քվեարկությունը անցկացվում է երկշաբաթյա ժամկետը լրանալուց 40 օր հետո»:
Հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններում, այնուամենայնիվ, առաջադրվելու դեպքում դադարեցնի իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Ռուբեն Այվազյանը պատասխանեց. «Եթե կուսակցությունը ցանկանա, միայն այդ դեպքում ես կհրաժարվեմ: Կամ եթե համապատասխան որոշում ընդունվի կուսակցության շարքերից հեռացնելու մասին: Ես այն անձանցից չեմ, որ իրենց կյանքում 4-5 կուսակցություն են փոխում, որ որոշ պաշտոններ զբաղեցնեն»:
Խոսելով նախագահական ընտրություններում առաջարդվելու իր նպատակների մասին՝ ԲՀԿ-ականն ասաց, որ ինքն իրավագետ է՝ ՄԻԵԴ փաստաբան, և նկատել է, որ ոչ մի թեկնածու չի նշում այն հիմնական գաղափարը, թե ինչպես կարելի է հայ ժողովրդին հանել այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից. «Իսկ ես տեղյակ եմ, թե ինչպես է պատահել, որ երկրի ունեցվածքը թալանվել է օրենքի ուժով, և այդ ամենը կարելի է վերադարձնել՝ նոր օրենքներ ընդունելով:
Անհրաժեշտ է նաև բարեփոխել հարկային օրենսգիրքը, քանի որ այնքան է բարդացվել ու խճճվել հարկային օրենսդրությունը, որ հնարավորություն է ստեղծվել նմանատիպ հարկային շրջանառություն ունենալու դեպքում որոշ ցանկալի կազմակերպություններից գանձել ավելի քիչ գումար, քան այլ կազմակերպություններից: Նշված անօրինականությունները բացառելու համար անհրաժեշտ է նախկին` մի քանի հարյուր էջանոց հարկային օրենսդրության փոխարեն ընդունել ընդամենը 4 էջանոց օրենսգիրք:
Ստացվում է այնպես, որ ներկայիս խճճված օրենքով կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ է նաև ունենալ բարձրակարգ իրավագետ, որ կարողանա ճիշտ հաշվարկել հարկերը, բայց դա դեռ քիչ է, քանի որ ՊԵԿ-ի աշխատողները կարող են յուրովի մեկնաբանել օրենքը և մեծ տուգանքներ հաշվարկել:
Իմ կարծիքով՝ այդ օրենքները միտումնավոր են բարդացվել: Անհրաժեշտ է միայն նոր օրենքի մեջ նշել, թե կոնկրետ քանի տոկոս հարկ պետք է գանձել շրջանառությունից, որի արդյունքում կբացառվի կոռուպցիան»,- իր խոսքը եզրափակեց Ռուբեն Այվազյանը: