Լրահոս
Օրվա լրահոսը

Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Հունվար 06,2013 14:59

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և ԳԱԱ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Ս. Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Ծննդյան հանդիսավոր Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով հրեշտակաբարբառ ավետիսը:

 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

 

«Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն

զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի` ընդ մեզ Աստուած»

 (Մատթ. Ա 23, Եսայի Է 14):

 

 

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Հոգու անհուն ուրախությամբ այսօր օրհնաբանում և փառաբանում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը` միմյանց փոխանցելով ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

Ի լրումն ժամանակի իրականացավ Եսայի մարգարեի խոսքը, թե «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ Նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:

Երկնքի անհասանելի բարձունքներից մարդասեր Տերը խոնարհվեց և որպես մանուկ ծնվելով քարայրում` աղքատացրեց Իրեն, որպեսզի մեզ հարստացնի հոգևոր բարիքներով: Պողոս առաքյալն ասում է. «Գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, Նա, որ հարուստ էր, որպէսզի դուք Նրա աղքատութեամբ հարստանաք» (Բ Կորնթ. Ը 9): Աստված մարդացավ, որպեսզի Աստծո պատկերով ստեղծված մարդը ճանաչի իր Արարչին, Նրա կամքը, հարստանա հավատքով, Աստծո խոսքով, հարստանա աստվածահաճո կյանքի փափագով ու փութաջանությամբ և փրկության արժանացած` ժառանգի հավիտենական կյանքը: Արդարև, ոչինչ չի կարող համեմատվել այդ հարստության` Աստծո արքայության մեջ հավիտենական կյանք ունենալու շնորհի հետ, որ բերեց մեզ Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս`«մարդու Որդին, որ երկնքից էր» (Յովհ. Գ 13):

Փառքի ու զորությունների անմերձենալի Տերը մանկացել, աշխարհ է եկել, և յուրաքանչյուրը կարող է համարձակաբար մոտենալ ու երկրպագել Նրան հովիվների ու մոգերի օրինակով, ովքեր ճանաչեցին Նրան և իրենց ընծաները բերեցին քարայրում մսուրի մեջ դրված Փրկիչ մանկանը: Այսօր, սիրելի հավատավոր ժողովուրդ, մենք ենք երկրպագում մանուկ Հիսուսի սնարի առջև, բայց ի±նչ ընծաներ ունենք, որ մատուցենք մեր նորածին Փրկչին: Նյութական հարուստ պարգևներ չէ, որ սպասում է Տերը: Պատվական պարգևը Փրկչի համար քրիստոնյան ինքն է, ով մաքուր սրտով ընդունել է ՙԱստված մեզ հետ է՚ մարգարեաբարբառ ավետիսը և ջանում է կյանքի ամեն մի օրը ապրել աստվածային կամքի համաձայն, լի առ Աստված հավատքով, այլոց հանդեպ սիրով, Փրկչի հետ հոգևոր նորոգությամբ: Փրկչի շնորհներով վերածնված մարդը վերափոխում է կյանքը` այն առաջնորդելով միշտ դեպի բարին, ավելի լավն ու կատարյալը: Տիրոջ ներկայության և Նրա ողորմության անստվեր շողերի առջև, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, հալչում են մեղքերը, ողջանում են վերքերը, վերանում են ապականությունները, նահանջում են տխրություններն ու հեծությունները, փախչում է խավարը, և տիրում է ամենախնամ  թագավորությունը Բարերար Աստծո (Մատեան ողբերգ. Բան ԽԱ): Այսօր և մինչև ժամանակների վախճանը, Իր խոստման համաձայն, մարդացյալ Աստված մեզ հետ է (Մատթ. ԻԸ 20). մեզ հետ է փրկության Իր շնորհով, Իր սքանչելագործ մարդասիրությամբ: Բայց արդյո±ք մենք Աստծո հետ ենք և արդյո±ք աշխարհն ընթանում է այն ճանապարհով, որ ուղենշեց Քրիստոս:

Մարդկության, նաև մեր կյանքը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լի է տարաբնույթ մարտահրավերներով, տագնապներով ու հոգսերով` ընկերային, տնտեսական հիմնահարցեր, ազգամիջյան և միջկրոնական խնդիրներ ու հակամարտություններ, կարիք, անձնական շահի մոլուցք, զրկվածների անտեսում, արդարության, մարդասիրության պակաս և այլ արատներ, որոնք հետևանք են Աստծուց հեռանալու ընթացքների: Մարդը աշխարհի իրականության առջև հաճախ կարծում է, որ կյանքի բարելավումը, հասարակության բարօրությունը հասանելի է հատկապես նյութականի առատությամբ: Մինչդեռ, եթե մարդկանց հոգում չկա Աստված, նյութականը միայն բաժանում է մարդկանց, ցամաքեցնում կյանքի ուրախությունն ու երջանկությունը: Ունևորն ապրում է անհանգստության մեջ, չունևորը` նեղսրտության, ընդհանուր հասարակությունը` օտարացման: Հանուն նյութականի են մարդիկ հնարներ փնտրում կողոպտելու, զրկելու, նվաստացնելու: Հանուն նյութականի են օրենքներ խախտում, պաշտոն չարաշահում, իրավունք ոտնահարում, միմյանց կործանում: Հանուն նյութականի, ավաղ, երբեմն նաև` Աստծո անունով` ընդդեմ Աստծո: Այն ինչ ծնունդ է առնում հանուն Աստծո, բարիք է մարդկանց համար, մխիթարություն ու խնդություն: Աստծո հետ մարդու համար գործում են կյանքի այլ չափանիշներ, գոյության իմաստի այլ սկզբունքներ ու արժեքներ` «սէր` առանց կեղծիքի. ատելով չարը` ընթանալ բարու յետեւից. եղբայրասիրութեան մէջ` միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ` միմեանց գերազանցել» (Հռոմ. ԺԲ 9-10): Աստծո հետ պաշտոնը ծառայություն է, մարդկային ունակություններն ու կարողությունները` աղբյուր բարիքի, երկրի շենացման, կյանքի բարօրության:

Սուրբ Ծննդյան խորհրդով, սիրելիներ, հանապազ շնորհն ունենք Քրիստոսի հետ բարձրանալու պայծառակերպության լեռը, Տիրոջ ներկայությամբ ապրելու աստվածահաճո հոգեշեն միջավայրում և մեր ընթացքը հաստատուն պահելու Աստծո շավիղներում բարոյական, ճշմարիտ արժեքների վրա: Սուրբ Գիրքը մեզ խրատում է, որ Աստծո հետ ընթանալը փրկում է փորձություններից, բազմացնում բարիքները և հաղթանակներ շնորհում երկնային զորությամբ: Մեր պատմությունն իսկ վկայում է, որ Փրկչին հավատարմությամբ է մեր ժողովուրդը կերտել իր ստեղծագործ կյանքի հաղթանակները և մշակույթի վերելքները: Մեր Տիրոջ հետ ենք դիմակայել փորձություններին, վեր հառնել ավերներից, վերապրել ցեղասպանություն: Մեր Տիրոջ զորությամբ Սփյուռքում վերընձյուղվել ենք ու պահպանել մեր ինքնությունը,  աշխարհասփյուռ միասնականությամբ վերահաստատել մեր ազատ պետականությունը, մշտապես վառ պահել տեսիլքը մեր ավետյաց երկրի, այլև` հավատը, որ Տերը համախմբելու է մեզ մեր Հայրենիքում: Այսօր ՙԱստված մեզ հետ է՚ ավետիսով հուսավառ ու քաջալեր` խոնարհվենք մարդացյալ Փրկչի սնարի առջև` ջերմանալու Նրա սիրով, ընդունելու Նրա շնորհներն ու օրհնությունները, որպեսզի ի Հայրենիս և ի Սփյուռս բարեփոխենք ու զորացնենք մեր կյանքը, իրագործենք մեր ազգային նպատակները, կերտենք մեր ժողովրդի բարօր ու երջանիկ, լուսավոր գալիքը և հավետ մնանք Աստծո հավատարիմ ժողովուրդ:

Այս հայցն ու մաղթանքը մեր շուրթերին` Սուրբ Ծննդյան ավետիսով և եղբայրական սիրով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին« Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին« Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հայցում Տիրոջ բյուր շնորհներն ու զորակցությունը քրիստոսապատվեր առաքելության մեջ:

Տիրոջ Ծննդյան տոնի բարեմաղթանքներով ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին« Մեր ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ողջ ավագանուն` հայցելով ազգաշեն ու հայրենաշեն գործոց հաջողություններ Տիրոջ երկնառաք օրհնության ներքո: Ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով, որ նրանց արգասալի ջանքերով ու մշտանորոգ ձեռքբերումներով միշտ բարեզարդվեն մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս: Աղոթք ենք բարձրացնում« որ մարդացյալ Փրկչի սիրո, խաղաղության և համերաշխության շնորհները հանապազ ճառագեն աշխարհում, ի մասնավորի հակամարտության մեջ գտնվող երկրներում, հատկապես պատերազմական իրավիճակում հայտնված Սիրիայում և այնտեղ դժվարություններ ու նեղություններ դիմագրավող մեր եղբայրների ու քույրերի կյանքում: Թող մարդկանց հոգիներում մշտապես արձագանք գտնի Սուրբ Ծննդյան «յերկիր խաղաղութին և ի մարդիկ հաճութիւն» պատգամը և ամրապնդվի Աստծո հետ ընթանալու կամքը: Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը« պայծառ ու անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և օրհնի աշխարհասփյուռ ազգս հայոց այժմ և միշտ և հավիտյան. ամեն:

         

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:

 

Սբ. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ակադեմիկոս Սեն Արևշատյանը:

Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

Սբ. Պատարագից հետո Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031