Ռուսաստանի 1-ին ալիքը այսօր առավոտյան ցուցադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի հանդիպումից կադրեր: Հիշեցնենք, որ Դեպարդյոն երեկ երեկոյան չարտերային թռիչքով ժամանել է Սոչի, որտեղ նրան հյուրընկալել է Ռուսաստանի նախագահը եւ հանձնել ՌԴ քաղաքացու անձնագիրը:Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, ինչպես նաեւ` РИА Новости-ն:
Պաշտոնական Կրեմլը հայտնում է, որ Պուտինը հյուրի հետ զրուցել է Ռասպուտինի մասին պատմող ռուս-ֆրանսիական ֆիլմի մասին, որի աշխատանքները ներկայումս ընթանում են, եւ որում գլխավոր դերը հենց Դեպարդյոյինն է:
Դեռ հունվարի 3-ին էր Դեպարդյոյին տրվել ռուսական քաղաքացիություն այն բանից հետո, երբ նա 2012-ի դեկտեմբերին հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից եւ մեկնել Բելգիա, որտեղ նախատեսում էր ստանալ այդ երկրի քաղաքացիություն: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան սիրով քաղաքացիություն է պատրաստվում շնորհել Ռուսաստանը եւ Դեպարդյոն ընդունեց այդ երկրի հպատակությունը: Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելը տարբեր աղբյուրներ պատճառաբանել են հարկային ճնշումներով , ոմանք էլ` ֆրանսիական ԶԼՄ-ների հանդեպ Դեպարդյոյի զզվանքով:
Ի դեպ, Դեպարդյոն հարցազրույցներից մեկում հայտնել է, որ ռուսական մշակույթի եւ մտածելակերպի սիրահարն է, փոխադարձ սիրով սիրում է ՌԴ նախագահ Պուտինին, իսկ Ռուսաստանը կոչել է «մեծ դեմոկրատիայի երկիր»: Նա նաեւ ասել է, որ սովորելու է ռուսերենը եւ պատրաստվում է բնակություն հաստատել ՌԴ-ում, միայն թե ոչ` Մոսկվայում, որը չափից դուրս հսկա մեգապոլիս է իր համար: