Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորական. «Հավատացյալների մեծամասնությունը գիտակցումով է մոտենում Ճրագալույցի տոնին»

Հունվար 05,2013 23:26

«Այսօր Հայ առաքելական եկեղեցին կատարեց Հիսուս Քրիստոսի ծննդյան նախատոնակը` Ճրագալույցը, որով նշանավորվում է Քրիստոսի հրաշափառ ավետիսի նախօրեն: Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ և ինչպես մեր Տեր Քրիստոս ասեց` «Ես եմ լույսը, ճշմարտությունը եւ կյանքը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սմբատ սարկավագ Խանվելյանը, ապա հավելեց,- Պատարագի մասնակցելով եւ լույսը տուն տանելով` հավատացյալները լուսավորում են իրենց հոգիները: Ճրագը մարդիկ կարող են վերցնել եկեղեցուց, կամ մեկ այլ հավատացյալից` արդեն իսկ օրհնված ճրագից»:

Հոգեւորականի խոսքով. «Ներկայումս հավատացյալների մեծամասնությունը գիտակցումով է մոտենում Ճրագալույցի տոնին: Նախկինում եկեղեցի էին գալիս տոնի իմաստը խորապես չգիտակցելով եւ ավանդական` եկեղեցուց լույս տանելու նպատակով, իսկ ներկայումս տոնի խորհուրդը առավել մատչելի է ներկայացվում, հասարակությունն էլ մեծապես գիտակցում է տոնի իմաստը: Կարելի է ասել, որ հավատացյալների թիվը գնալով աճում է»:

Հոգեւորականից հետաքրքրվեցինք, թե որն է վերոհիշյալի պատճառը: «Առաքելական եկեղեցին ակտիվ քարոզչություն է իրականացնում մասնավորապես երիտասարդության շրջանում` մի շարք ծրագրերի միջոցով, որոնց շնորհիվ հայ երիտասարդը կապվում է եկեղեցուն»,- պատասխանեց Սմբատ սարկավագը:

Նա նշեց, որ վաղը Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ կմատուցվի Պատարագ, կկատարվի ջրօրհնեքի արարողություն` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031