Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ամենագեղեցիկ տոնածառը «Գոհար» երգչախմբի սեփականատիրոջն է

Հունվար 05,2013 21:34

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը թեև հաճախակի է քննադատում Վարդան Ղուկասյանին` քաղաքապետարանի բյուջեն դատարկելու ու պարտքերի մեջ թաղելու համար, այդուհանդերձ նա շարունակում է պահպանել նախորդի հիմնած մի քանի գեղեցիկ ավանդույթները: Տարեվերջյան ավագանու նիստի ժամանակ քաղաքապետը ավագանու որոշմամբ 50 000-ական դրամով պարգևատրեց այն բնակարանատերերին ու օբյեկտատերերին, ովքեր ծախսեր էին կատարել Գյումրու բնակելի թաղերում, փողոցներում տոնական մթնոլորտ ստեղծելու, տոնածառ զարդարելու համար:

«Ամանորի կապակցությամբ գեղեցիկ զարդարանքի ու քաղաքին տոնական տեսք հաղորդելու համար» հայտարարված մրցանակին արժանացան տոնավաճառների, սրճարանների ու դեղատների տերեր, մանկավարժական ինստիտուտի ղեկավարությունը, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկակական թատրոնի ղեկավարությունը, հաշմանդամներով բնակեցված Ավստրիական թաղամասի բնակիչներից մեկը, դպրոցների տնօրեններ: Սակայն առաջին տեղում «Նանե» հյուրանոցի նրբաճաշակ ու անզուգական զարդարանքն էր: 8 մրցանակակիրները դրամական պարգևից զատ արժանացան նաև պատվոգրերի:

Ի դեպ, այս մարդկանց ընտրությունը կատարվել էր հատուկ ստեղծված հանձնաժողովի միջոցով, որի աշխատանքներին անձամբ մասնակցել էր նաև քաղաքապետ Բալասանյանը:

Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետի առանձնասենյակի հարցում տարբեր ճաշակներ դրսևորած Գյումրու հին ու նոր քաղաքապետերը ճաշակակից են Գյումրու ամենագեղեցիկ տոնածառի հարցում: Երկուսի աչքերով էլ ամենանրբաճաշակը քաղաքի կենտրոնը զարդարող «Նանե», նախկին «Իսուզ» հյուրանոցի տոնածառն է: Այն Վարդան Ղուկասյանի օրոք ևս արժանանում էր հատուկ մրցանակի: Նշենք, որ «Նանե» հյուրանոցը պատկանում է լիբանանահայ Խաչատուրյաններին: Աշխարահռչակ «Գոհար» երգչախումբը, որն ամենուր փառք ու ճանաչողություն է բերում մեր երկրին, նույնպես հիմնադրվել է Խաչատուրյան եղբայրների, մասնավորապես Հարութ Խաչատուրյանի կողմից, իսկ մյուս երկու եղբայրները` Շահե և Նառ Խաչատուրյանները ամեն կերպ օգնում են իրենց մոր անունը կրող երգչախմբի բարգավաճմանը:

Ինչևէ, «Նանե» հյուրանոցի սփյուռքահայ սեփականատիրոջ զարդարած տոնածառի կապակցությամբ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսպես արտահայտեց իր հիացմունքը. «Առաջին տեղը շահեց «Նանե» հյուրանոցը , այսինքն «Իսուզը», որը, իրոք, բոլորիս համար զարդարանք լինի, և հետո շատ գեղեցիկ է: Մենք ամիս 22-ին պատվոգիրը նվիրեցինք, որովհետև պարոն Խաչատրյանը մեկնում էր, մեզ հրավիրել էր, ես եմ անձամբ տեսել, թե ինչ գեղեցիկ է զարդարված»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031