Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշքը դու ես ու էս պահ». 23-ամյա Աննան սպասում է իր Ձմեռ պապին` հատկապես, որ նա արդեն ճիշտ հասցեն գիտի

Հունվար 05,2013 17:29

«Ես միշտ հավատացել եմ ամանորյա հրաշքներին, ժամացույցի սլաքի հետ միասին իմ սիրտն էլ է զարկել: Ամեն Ամանոր դիտել եմ  «Բաղնիքդ անուշ» ֆիլմը եւ երազել պատահականությունների մասին: 2013-ը ինչ-որ չափով երազանքս իրականացրեց»:

23-ամյա Աննան 2012 թվականի ամբողջ դեկտեմբերի 31-ը անցկացրեց սիրելիին զանգելով կամ նրա զանգին սպասելով, սակայն ամեն ինչ ապարդյուն էր. Արմանի հեռախոսն անջատված էր:  «Ամանորյա սեղանի պատրաստությունը ամբողջությամբ ընկավ մայրիկիս ուսերին: Մինչ այդ ոգեւորված ամեն ինչ անում էի,Արմանին զանգելուց եւ պատասխան չստանալուց հետո անհանգստացա, հետո աստիճանաբար նյարդայնացա, ինչ անում էի, վատ էր ստացվում, օրվա վերջում արդեն ընդհանրապես տրամադրություն չունեի, մի լավ լացեցի, բայց տարիների ավանդույթը չխախտելով`արդեն, երբ պետք է ժամացույցի սլաքը ազդարարեր Նոր տարվա մուտքը,  մոտեցա մեր սեղանին, բարձրացրի շամպայնով լի բաժակը ու  նայեցի ժամացույցի սլաքներին ու մինչ սպասում էի` երբ է սլաքը խփելու 12-ին, զգացի,որ մինչ այդ չէի մտածել, թե ինչ ցանկություն պիտի պահեի: Ի՞նչ պահեմ, ի՞նչ պահեմ. մտածում էի ու չէի կարողանում կողմնորոշվել, մտիքս եկավ` թող մի լավ բան, հրաշք լինի հենց այս գիշեր, ու, զըըընգ, արդեն 2013-ում էինք»:

Արմանը 2013 թվականի առաջին ժամերին էլ չզանգեց: Աննան մտածեց` տղայի հետ ինչ-որ բան է կատարվել, հետո նորից եկավ այն մտքին, որ սա հերթական անուշադրության դրսեւորում է իր  «երբեմնի» սիրելի նկատմամբ: Իսկ Նոր տարին արդեն եկել է, պետք է շնորհավորել բոլոր մտերիմներին:  «Մերոնք ինձ համոզում էին դուրս գալ, պտտվել, գնալ բարեկամների տուն, բայց ես ընդհանրապես տրամադրություն չունեի, խնդրեցի, որ դուրս գան առանց ինձ, նրանք ինձ չմերժեցին, ես ուրախացա, վերջապես մենակ եմ մնալու տանը, մի լավ կխմեմ, կլացեմ ու կքնեմ, վաղվանից Արմանին ջնջելու եմ իմ սրտից ու ուղեղից»,- պատմում է Աննան: Մի քանի բաժակ շամպայնը բավարար էր, որ Աննան հարբեր եւ քներ, նույնիսկ առանց լացելու եւ  «վշտերը » հիշելու:  «Աչքերս բացի` ինչ-որ մեկը գոռում էր իմ գլխավերեւում` ու՞ր են իմ թոռնիկները, ո՞ւր են նրանք: Վեր թռա, դիմացս ինչ-որ Ձմեռ պապ: Բարեւ թոռնիկս, ասում է նա, նայում ինձ: Ինչ ասես մտքովս չի անցնում` մեկ, որ Արմանն է անակնկալ պատրաստել, մեկ, որ սա հնարավոր է հենց Արմանն է… բայց ոչ, չնայած Ձմեռ պապը երիտասարդ է, ձայնից եւ տեսքից էլ երեւում է, որ Արմանը չէ, ու իրականում Արմանը նման բան չէր անի ինձ համար:  Ես ամեն դեպքում ուրախ եմ նրան տեսնել, նայում եմ նրան, ժպտում, նա էլ  ինձ է նայում ու ժպտում: Մի քանի րոպե իրար նայելուց հետո վերջապես Ձմեռ պապը իր նախադասությունը հնչեցրեց` ու՞ր են մեր փոքրիկ թոռնիկները, ո՞ւր են նրանք, հետո մոտեցավ, ականջիս կամաց հարցրեց` քնե՞լ են էրեխեքը, թե՞ տնից դուրս են էկել: Հիասթափվեցի, հասկացա, Ձմեռ պապը շփոթել էր հասցեները»,- պատմում է Աննան: Ասում է` երկար բացատրություններից հետո երկուսն էլ հասկացան` Ձմեռ պապը պետք է Աննայենց դիմացի շենքի նույն հասցեն գնար:  «Կարծես քիչ էին իմ օրվա հիասթափությունները, պարզվեց` Ձմեռ պապն էլ ինձ համար չէր եկել: Կզարմանաք, բայց դա ինձ ավելի շատ տխրեցրեց, քան մնացած ամեն ինչը, քիչ մնար կլացեի: Սա երեւի նկատեց Ձմեռ պապը, նա մի պահ հապաղեց, նայեց ինձ եւ ժպտալով ասաց.  «Լավ, ի՞նչ անենք, Ձմեռ պապը երբեք չի սխալվում, նույնիսկ եթե սխալ հասցեով է գնում:  Ասա տեսնեմ, թոռնիկս,դու  ի՞նչ ես ցանկանում Ձմեռ պապից»: Ես նայեցի նրա աչքերի մեջ, նա ամուր բռնեց ձեռքս, նայելով  աչքերիս մեջ,  համարյա լացակումած ասացի` հրաշք եմ ուզում»: Նա ամուր սեղմեց ձեռքս, նայեց ուղիղ աչքերիս մեջ, կարծես ավելի մոտեցավ ինձ  եւ ասաց` հրաշքը դու ես ու էս պահը: Իսկ ես նման բաներ ֆիլմերում եմ միայն տեսել, էն էլ` ոչ հայկական: Համարյա տանգո էինք պարում` առանց երաժշտության, առանց բառ արտասանելու` գրկախառնված, հետո Ձմեռ պապը համբուրեց ձեռքս ու գնաց: Ես ուզում էի հասկանալ`երա՞զ տեսա, հրա՞շք էր, թե իրականությու՞ն, նստեցի բազմոցին, մի ժամ մտածեցի, հետո տուն եկան մերոնք` վերադարձնելով ինձ իրականություն»,- ժպտում է Աննան: Ասում է` առանց ընտանիքի անդամներին եղածը պատմելու գնաց քնելու.  «Ես մտածում էի`ամեն ինչ  ինձ թվացել է ու հետո էնքան տպավորված էի, մի տեսակ էնքան ուրախ, որ ոչ մի կերպ ոչ ոքի չէի կարող որեւէ բան բացատրել: Առավոտյան հեռախոսի զանգից արթնացա, Արմանն էր, ահա եւ դառը իրականությունը.  «Կյանքս, Նոր տարիդ շնորհավոր, կներես, էրեկ տղերքով հավաքվել էինք,  Վահեն էր Ռուսաստանից էկել, առավոտվանից քեֆ էինք անում, հեռախոսիս զարյադկան էլ նստել էր, չկարացա զանգեմ, համարդ էլ անգիր չէի հշում, կներես կյանքս, էսօր կտեսնվենք, չէ՞, կգամ ձեր տուն, քեզ նվեր հլը պիտի տամ»: Եթե անկեղծ ասեմ` իմ ծիծաղը եկավ, ես հազիվ կարողացա ասել.  «Արման, հանգստացի, ես քեզանից չեմ նեղանում, ես քեզ ուղղակի չեմ սիրում այլեւս, վերջ ամեն ինչին, ուրախ Նոր տարի: Անջատեցի հեռախոսս ու մինչ հիմա չեմ միացրել»:

Աննան հավատում է հրաշքների, հատկապես ամանորյա, չնայած ամենաանհավատալի հրաշքներից մեն արդեն կատարվել է` նա այլեւս չի սիրում Արմանին, դեռ ամենամեծ հրաշքին սպասում է` իր Ձմեռ պապիկին` մանավանդ, որ նա արդեն ճիշտ հասցեն գիտի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031