Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է

Հունվար 04,2013 19:14

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասնութերորդ

ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է

Եվ Շիրազը հիացմունքով նայեց Խորոզին ու ասաց՝ «էս գիզալական տղին էլ վայրենի կըսեն», եւ մենք նայեցինք Խորոզին ու նկատեցինք, որ Խորոզի մորուքին ինչ-որ փետուր է կպած, եւ Եսայան Ռուբոն ծիծաղելով Խորոզին հարցրեց՝ «էդ ծիտ ե՞ս կերել, վայրենի ջան», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Շողիկը, որ էդ պահին բաժակի փշրանքներն էր ավլում, Խորոզի մորուքի վրայի փետուրը վերցնելով ասաց՝ «էս վայրենին արծիվ էլ կուտի», եւ Խորոզն ապշահար նախ հռհռացողներիս նայեց, այնուհետեւ նայեց Շիրազին, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ ենք խմում, Վարպետ», եւ Շիրազը զարմացած նայեց Խորոզին, մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «էդ ինչի՞ ինձի կհարցնիս, ա՛յ Խորոզ», եւ Խորոզը մի քիչ մտածեց ու մրթմրթալով Շիրազին ասաց՝ «որովհետեւ դու մեր Վարպետն ես», եւ Արայիկը ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ  սաղ աշխարհը գիտի, որ Շիրազը խմող ա», եւ Շիրազը թարս նայեց որդուն ու ասաց՝ «կարող է Արա Շիրազի՞ն նկատի ունեն», եւ Արայիկը ժպտալով  հորն ասաց՝ «Հովհաննես Շիրազին նկատի ունեն», եւ Եսայան Ռուբոն ասաց՝ «բայց Հովհաննես Շիրազը վաբշե խմող չի», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «մարդու աչքը դուս գա՝ անունը դուս չգա», եւ Շիրազը սրտնեղած ասաց՝ «էդ խոսքը հատուկ ինձի համար է ասված», եւ Արայիկը հորն ասաց՝ «որովհետեւ արժողչարժողի հետ սեղան ես նստում», եւ Շիրազը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ հետ սեղան կնստիմ», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «Խորոզի ու մեր», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Խորոզը, որ արդեն դանթում էր, մեր ծիծաղից նորից զարթնեց ու ապշահար մեզ նայեց, եւ Շիրազն ավելի լրջանալով Արայիկին հարցրեց՝ «կըսես՝ ում հետ սեղան կնստի՞մ», եւ Արայիկը պատասխանեց ու ասաց՝ «արժողչարժողի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «շոֆերների ու էդ կատեգորիայի  մարդկանց», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու զարմացած ասաց՝ «օր մարդիկ ի սրտե պատիվ կուտան, ի՞նչըղ կրնամ մերժեմ», եւ Արայիկը հորն ասաց՝ «քո ունեցած պատիվը քեզ լրիվ հերիք ա», եւ Ռուբոն Արայիկին ասաց՝ «Շիրազը ո՞նց կարա հասարակ ժողովրդին մերժի», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հասարակ ժողովուրդն իրա հետ մի բաժակ խմում ու տարածում ա թե՝ Շիրազը խմող ա», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «օր Շիրազը հասարակ ժողովրդին մերժի , էլ ինքը Շիրազ չի էղնի», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «կըլնի Գեւորգ Էմին», եւ Շիրազը նայեց Արայիկին ու ասաց՝ «ինձի համար հասարակ ժողովուրդն ամեն ինչից վեր է» եւ մի քիչ մտածեց ու կողքի  սեղանների շուրջ նստած մորուքավորներին նայելով ավելացրեց՝ «ինձի համար ասածդ էդ շոֆերներն ավելի բարձր են, քան՝ էս մորուքավորները», եւ Ռուբոն փռթկացնելով Արայիկին ասաց՝ «մորուքավոր որ ասում ա, քեզ ու Խորոզին նկատի ունի», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու Ռուբոյին ասաց՝ «հասարակ ժողովուրդ էլ որ ասում ա, քեզ ու Խորոզին նկատի ունի», եւ Ռուբոն զարմացած նայեց Արայիկին ու հարցրեց՝ «ինչի՞», եւ Արայիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ դուք եք հասարակ ժողովրդի գերեզմանների համար քանդակներ անում», եւ Ռուբոն մի քիչ  մտածեց ու ժպտալով Արայիկին ասաց՝ «Խուդֆոնդի զակազները ձեզ ա հասնում, հասարակ ժողովրդի պատվերները՝ մեզ», եւ Շերենցը փռթկացնելով  ասաց՝ «Խորոզը մեկումեջ Խուդֆոնդի զակազներ էլ  կքանդակի», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «դրա համար էլ առավոտից իրիկուն քեֆը լավ ա», եւ Լեւոն Ներսիսյանը՝ որ մինչ էդ լուռ լսում էր, անսպասելի խոսեց ու Ռուբոյին ասաց՝ «եթե շատ խնդրեմ, այն եզդու պատմությունը չես պատմի՞», եւ Շերենցը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «խալը՞» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «պլաստիլինը՞», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «այո», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու նեղսրտելով Ներսիսյանին ասաց՝ «էդ պատմությունը հազար անգամ պատմել եմ, մաեստրո ջան», եւ Շերենցը թախանձագին խնդրեց՝ «պատմի, Ռուբո ջան, պատմի», եւ Ռուբոն նեղսրտելով ասաց՝ «ախր էդ պատմությունը հազար անգամ պատմել եմ, ա՛յ Շերենց», եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «հազար անգամ պատմել ես, բայց Շերենցը չի հասկացել», եւ Շիրազն Արայիկին սաստելով ասաց՝ «հորդ թայ մարդ է. ի՞նչըղ ձեռ կառնիս», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «ես Արայիկից նեղացողը չեմ, Շիրազ ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ թե ասա՝ թող Ռուբոն էդ եզդու պատմությունը պատմի» եւ մի քիչ էլ մտածեց ու Շիրազին թախանձագին խնդրեց՝ «դու որ ասես, հաստատ կպատմի», եւ Շիրազը Ռուբոյին հարցրեց՝ «էդ ի՞նչ պատմություն է», եւ Ներսիսյանը  Ռուբոյին ասաց՝ «եթե Վարպետը չի լսել, ուրեմն՝ պարտավոր ես պատմել», եւ Ռուբոն նայեց ներկաներիս, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս նստածներից վայ թե մենակ Վարպետ Շիրազը չի լսել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ պատմությունը նույնիսկ  Խորոզն ա լսել», եւ Շերենցը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «Խորոզի լսելը հաշիվ չի. ինքը քնած ա» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «կամաց պատմի՝ հանկարծ չզարթնի», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «փաստորեն, մենակ Վարպետը չի լսել», եւ, հիշում եմ, ներկաներից մեկն էլ ասաց՝ «ես էլ չեմ լսել», եւ չնայած ներկաներից ամենաջահելը ես էի, ու երեւի ինձ խոսք չէր էլ հասնում, համարձակվելով Ռուբոյին ասացի՝ «ես էլ չեմ լսել», եւ չնայած էդ պատմությունն ուրիշներից լսել էի, անձամբ Ռուբոյի կատարմամբ չէի լսել, եւ ներքուստ համոզված էի, որ Ռուբոն իմ խնդրելով կպատմի, որովհետեւ ես Ռուբոյի սիրելի աներոջ՝ գրող Խաչիկ Հրաչյանի հավանած բանաստեղծն էի, եւ երբ ասացի՝ «ես էլ չեմ լսել», Ռուբոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «որ էդքան ասում եք, կպատմեմ», եւ Շերենցը ոգեւորված ասաց՝ «պատմի, ցավդ տանեմ. շատ անուշ պատմություն է», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «գոնե դու մի ասա,  այ Շերենց. էդ պատմությունը հազար անգամ լսել ես», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդոր համար էլ կուզեմ՝ օր ուրիշներն էլ  լսեն. ախր շատ անուշիկ պատմություն է» եւ Շիրազին նայելով ավելացրեց՝ «կուզեմ՝ օր Վարպետն էլ լսի» եւ ինձ նայելով ասաց՝ «կուզեմ, օր ջահելությունն էլ էդ պատմությունն իմանա», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Արմոյին ու Վարպետին մի օր առանձին կպատմեմ», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «բա մե՞նք», եւ Ռուբոն փռթկացնելով Շերենցին ասաց՝ «ախր դու էդ պատմությունը հազար անգամ լսել ես», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու խեղճանալով ասաց՝ «էդ պատմությունն օր հազար ու մի անգամ էլ լսես, էլի կլսվի», եւ Լեւոն Ներսիսյանը Ռուբոյին ասաց՝ «չեմ հասկանում՝ ինչու ես այդքան ծանրացնում, Ռուբեն» եւ մի քիչ մտածեց ու զարմացած ավելացրեց՝ «ոչ մի անգամ այսքան ծանրացրած չկայիր», եւ Արայիկը Ներսիսյանին ասաց՝ «իրան ա թանկացնում, Լեւոն ջան», եւ Ռուբոն նեղսրտելով ասաց՝ «ի՞նչ թանկացնել. էդ պատմությունը հազար անգամ պատմել եմ», եւ Ներսիսյանը Ռուբոյին ասաց՝ «ընդ որում՝ առանց խնդրելու ես պատմել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու նեղսրտելով Ներսիսյանին ասաց՝ «որ էսքան չխնդրեիք, երեւի արդեն պատմած  պրծած ըլնեի», եւ Արայիկը Ներսիսյանին ասաց՝ «որ էսքան խնդրում ենք, դրա համար էլ իրան էսքան թանկացնում ա», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուք որ ինձ չեք հասկանում, էդ լրիվ հասկանալի ա, բայց որ Շերենցն էլ ինձ չի հասկանում, էդ  շատ զարմանալի ա», եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին ու զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չեմ հասկանում, բալա», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «բացատրի, որ հասկանա, բալա ջան», եւ Ռուբոն թարս նայեց Արայիկին, հետո  նայեց Շերենցին ու ասաց՝ «դերասան մարդ ես. քեզ որ զոռովից՝ ստիպողական  ինչ-որ բան արտասանել տան, կարտասանե՞ս», եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին ու զարմացած հարցրեց՝ «ի՞նչ արտասանել տան», եւ Ռուբոն  մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասենք՝ որեւէ  ոտանավոր», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որ խաթրով էլ ասեն, էլի չեմ կրնա արտասանի» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «ես կյանքիս մեջ ոտանավոր արտասանած չկամ, բալա ջան», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «հասկացա՞ր, բալիկ ջան» եւ ժպտալով Շերենցին հարցրեց՝ «որ շատ խնդրենք, էլի չես արտասանի՞», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Արայիկին հարցրեց՝ «ո՞րն արտասանեմ», եւ Արայիկը մի քիչ  մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որը որ պատահի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «ինձի օր էսքան կարեւոր մարդիկ էսքան շատ խնդրեին, կրնա պատահի՝ արտասանեի» եւ մի քիչ էլ մտածեց, տեղում ձգվեց, խորը շունչ քաշեց ու արտասանեց՝ «իջե՜ք, իջե՜ք երազներ», եւ Ռուբոն փռթկացնելով Շերենցին հարցրեց՝ «հետո՞», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «մնացածը մոռացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու խեղճացած ավելացրեց՝ «չեմ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու  ամաչելով ասաց՝ «հեչ չեմ էլ իմացել, որ մոռանայի կամ հիշեի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «փաստորեն, պոեզիա չես սիրում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով  ասաց՝ «սիրեմ գը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց օր ուրիշն արտասանի՝ ես լսեմ», եւ  Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «բա դո՞ւ ինչի չես արտասանում», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու Ներսիսյանին  նայելով ասաց՝ «քանի՞ գլուխ ունիմ, օր Հրաչյայից ու Փափազից հետո արտասանեմ» եւ մի քիչ մտածեց, աչքերը կկոցեց ու  խորը շունչ քաշելով  արտասանեց՝ «իջե՜ք, իջե՜ք երազներ», եւ Ներսիսյանը փռթկացնելով ասաց՝ «մնացյալը լռություն է», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «բա Հրաչյայից ու Փափազից հետո ո՞նց ես դերասանություն անում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն թարգել էի» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «Ֆրունզը համոզեց, օր նորից սկսեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը ինձ համոզեց, օր Էրեւան գամ»,  եւ Ռուբոն ժպտալով  հացրեց՝ «շատ համոզե՞ց», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «առանց էդ էլ մտքիս կար» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Լեննականի թատրոնի սաղ հին տղերքը քոչել էին Էրեւան, ես պուպուի պես մնացել էի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «վայ թե դերասանությունն էլ էիր թարգել», եւ  Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճարս ինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «դեր չէին տա, օր խաղամ», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «քե՞զ», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու Ռուբոյին ասաց՝ «դու էլ օր իրանց տեղն էղնեիր, չէիր տա», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չէի տա», եւ Շերենցն ամոթխած ժպտալով ասաց՝ «դերերիս տեքստերը մոռանայի գը. չէի հիշե», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց ասեիր՝ թող փոքր դերեր տային», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «ինձի առանց էդ էլ շատ պզտիկ դերեր կուտային» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ դերերիս տեքստերը չէի հիշե. մոռանայի գը», եւ Արայիկը Ռուբոյին ասաց՝ «դրա համար էլ պոեզիա չի արտասանում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «բայց սիրեմ գը», եւ Ռուբոն Շերենցին հարցրեց՝ «որ տանը մենակ ես ըլնում, հեչ պոեզիա չես կարդո՞ւմ», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չեմ հիշե», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չես հիշե», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշե, օր տանը մենակ էղնիմ», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «կյանքումդ բանաստեղծություն կարդացած չկա՞ս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գրքո՛վ», եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «Ֆրունզը տառերը չի սովորացրել», եւ Շերենցն առանց Արայիկի ասածին ուշադրություն դարձնելու՝ Ռուբոյին հարցրեց՝ «պարտադի՞ր է», եւ Ռուբոն հարցրեց՝ «ի՞նչը», եւ Շերենցը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «բանաստեղծություն կարդալը» եւ  ժպտալով ավելացրեց՝ «գրքով», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե բանաստեղծություն սիրում ես, երեւի պարտադիր ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031