Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսան Հայկազունը` «Գետաշեն» երգի մասին. «Թող չիմանան հեղինակին, կարեւորը` լինի դասագրքերում»

Հունվար 04,2013 18:26

 

«Արցախյան ազատամարտի հերոսներին հիշելու հարցում ցավալի վիճակ է տիրում, որովհետեւ մեր սերունդը չի ճանաչում հերոսներին: Ժամանակին Երեւանի փողոցները լցված էին «Իմ զենքը իմ երգն է», «Իմ զենքը իմ…քամանչան է» եւ այլ գրությամբ պաստառներով, որոնցում ով ասես` երեւում էր, փոխարենը` չկար մեր հերոսներից ոչ մեկը: Դուդուկը, քամանչան կամ երգը զենք չեն, զենքը այն էր, որը զինվորը բռնել էր իր ձեռքին: Մեր երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին` Պետոյին, Կոմանդոսին, Բեկորին, Դուշման Վարդանին, Մոնթեին եւ այլոց, ու փորձեն օրինակ վերցնել: Դպրոցները եւ փողոցները պետք է «ողողվեն» նրանցով»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար, գուսան Հայկազունը:

Նրա համոզմամբ` խնդրի լուծման համար պետական աջակցություն է հարկավոր. «Առաջնահերթ, մատաղ սերնդին դաստիարակելու գործը կրում են դպրոցները: Այն դպրոցը, որն ունի ազգային մտածելակերպի տեր տնօրեն եւ ուսուցիչ, արտակարգ սերունդ է մեծացնում: Հակառակ դեպքում սերունդն ազգայինից հեռու է մնում: Եթե անգամ ընտանիքում չի տրվում ազգային դաստիարակություն, դա պետք է արվի գոնե դպրոցում` պետական մակարդակով: Մինչդեռ դասագրքերում հայրենասիրության դաստիարակությունը վատ աստիճանի վրա է դրված, իսկ Արցախյան պատերազմի մասին բավարար գիտելիքներ չկան: Ցավալի է այդ վիճակը: 1995-1996թթ համերգներով գտնվում էի Իրանում: Տեղի հայկական դպրոցների դասագրքերում կար «Գետաշեն» երգը` ի տարբերություն մեր այսօրվա դասագրքերի: Ինչքան լավ է դա: Ճիշտ է, հեղինակին չգիտեին, անունը գրած չէր, բայց, կարեւորը, կար» (Հավելենք, որ «Գետաշենի» հեղինակը մեր զրուցակիցն է):

Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին նվիրված հուշ երեկոների կազմակերպմանը, գուսան Հայկազունն ասաց. «Հուշ-երեկոներին մասնակցում է 100-200 մարդ, որոնք հերոսի ընկերներն են եւ առանց հուշ-երեկոյի էլ ճանաչում են նրան: Երեխաները պետք է ճանաչեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031