Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հեշտացրել է երկրում ապրող մերձավորներ ունեցող անօրինական ներգաղթյալների համար մշտական կացության փաստաթղթեր ստանալու ընթացակարգը:
Որոշ գնահատականների համաձայն, այս փոփոխության շնորհիվ ԱՄՆ-ում իրենց ներկայությունը կարող է օրինականացնել երկրում այժմ բնակվող անօրինական 11 միլիոն ներգաղթյալների մեկ միլիոնը:
Ներգաղթի ոլորտում գործող պետական մարմինների պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության կողմից ընդունված նոր կանոնները նախատեսված են՝ ազատելու համար անօրինական ներգաղթյալներին օրինականացման փաստաթղթերը սպասելու ընթացքում իրենց ընտանիքներից երկար ժամանակով բաժանվելու անհրաժեշտությունից:
Նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնում այս տարվա մարտի 4-ին, նախատեսվում է, որ անօրինական այն ներգաղթյալները, որոնք կարող են ապացուցել, որ իրենց ամուսնուց, երեխայից կամ ծնողից բաժանվելը վերջիններիս համար լուրջ դժվարությունների պատճառ կդառնա, կկարողանան ներկայացնել մուտքի ներգաղթյալ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն առանց Միացյալ Նահանգների տարածքը լքելու:
Կարդացեք նաև
Այս նորամուծությունը նախագահ Օբամայի վարչակազմի ևս մեկ քայլ է՝ ուղղված ներգաղթի ոլորտում կանոնների փոփոխության՝ առանց այդ կանոնները ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանը ներկայացնելու անհրաժեշտության:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն անցյալ տարվա օգոստոսին մեկնարկել էր դեռևս մանուկ հասակում Միացյալ Նահանգներ բերված անօրինական երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը դադարեցնելուն ուղղված ծրագիր:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան