Հնդկաստանի ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանքներ է ներկայացրել անցյալ ամիս 23-ամյա մի կնոջ խմբակային բռնաբարության մասնակիցներից հինգին: Նրանց ներկայացվել են խմբակային բռնաբարության, սպանության և հանցավոր ոտնձգության մեղադրանքներ:
Երկրի իշխանությունները խոստացել են պնդել, որ մեղադրյալները, մեղավոր ճանաչվելու դեպքում, մահապատժի ենթարկվեն:
Բռնաբարության վեցերորդ մասնակցի դատավարությունը կանցկացվի դեռահասների դատարանում, քանի որ վերջինիս տարիքը ցածր է 18 տարեկանից:
Հնդկաստանի կառավարությունը, հասարակության կողմից զայրույթի զանգվածային դրսևորումներից հետո, խոստացել է, որ դատավարությունը կանցկացվի արագացված կարգով՝ նորաստեղծ դատական մարմնի կողմից: Որոշ փորձագետների կարծիքով, դատավարությունը կարող է ավարտվել մինչև գալիք ամսվա վերջ, ինչը չափազանց արագ է այն երկրի համար, որտեղ դատավարությունները կարող են տարիներով ձգձգվել:
Կարդացեք նաև
Սպասվում է նաև, որ կառավարությունը դատապաշտպաններ կնշանակի մեղադրյալներին, քանի որ Հնդկաստանի փաստաբանների պալատի անդամները հրաժարվել են վերջիններիս պաշտպանել դատարանում:
Խմբակային բռնաբարության ենթարկված կինը, որի անունը չի հրապարակվել, մահացել է անցյալ շաբաթ օրը հանցագործների կողմից իրեն դեկտեմբերի 16-ին հասցված վնասվածքներից: Կնոջ մահը Հնդկաստանում հրահրել էր կանանց ապահովության շուրջ բանավեճը: Բողոքի մասնակիցները կոչ են արել իշխանություններին խստացնել բռնաբարության համար նախատեսված պատիժը, բարեփոխումներ իրականացնել ոստիկանության շարքերում և փոխել հասարակության մեջ կանանց նկատմամբ առկա վերաբերմունքը:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան