Օդանավակայանի գրոհն իրականացնելով՝ ապստամբներն, ըստ էության, փորձում են թուլացնել կառավարական օդուժի կարողությունները
Ընդդիմության ակտիվիստները հայտնել են Սիրիայում ապստամբների ուժերի կողմից Թաֆթանազ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանի ուղղությամբ գրոհը շարունակելու մասին: Օդանավակայանի գրոհն իրականացնելով՝ ապստամբներն, ըստ էության, փորձում են թուլացնել կառավարական օդուժի կարողությունները:
Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է երկրի հյուսիսային Իդլիբ նահանգում գտնվող ռազմական օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերի զինծառայողների և ապստամբների միջև շարունակվող մարտերի մասին:
Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «ահաբեկիչների» կողմից չորեքշաբթի օրն իրականացված հարձակմանը կառավարական ստորաբաժանումները «արժանի հակահարված» են տվել:
Կարդացեք նաև
Հալեպում երեքշաբթի օրն իրականացված նման հարձակումից հետո Սիրիայի իշխանությունները փակել էին տեղի օդանավակայանը:
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը նախօրեին ներկայացրել է ՄԱԿ-ի հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Սիրիայում չդադարող հակամարտության զոհ է գնացել առնվազն 60 հազար մարդ:
Վերլուծաբանների ու հետազոտողների կողմից հինգ ամսվա ընթացքում տեղեկատվության յոթ աղբյուրների, ներառյալ Սիրիայի կառավարության կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում կազմվել է 2011 թվականի մարտի 15-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զոհված 59648 անձանց անունները պարունակող ցուցակ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի վերջից հակամարտությունը չի դադարել, կարող ենք եզրակացնել, որ 2013 թվականի սկզբի դրությամբ զոհվել է ավելի քան 60 հազար մարդ», – ասել է Փիլեհը՝ հավելելով. «Զոհերի թիվը զգալիորեն գերազանցում է կանխատեսումները, և դա իսկապես ցնցող հանգամանք է»:
Որոշ կարծիքների համաձայն, Սիրիայում զոհվածների վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից ներկայացված գնահատականը սակայն ցածր է, քանի որ հետազոտությունում հաշվի չեն առնվել անհայտ կորած անձանց մասին տվյալները:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»