Այս տեսագրությունն արվել է 1942 թվականի ապրիլի 20-ին՝ Հիտլերի ծննդյան օրը: Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Նվագախումբը ղեկավարում է 20-րդ դարի ու թերեւս բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկը՝ Վիլհելմ Ֆյուրտվենգլերը: Հնչում են սիմֆոնիայի վերջին մի քանի րոպեները: Նացիստական քարոզչության առաջադրանքով խոշոր պլանով ցուցադրվում են վիրավոր զինվորները: Ծափահարությունների ժամանակ դիրիժորին է մոտենում դոկտոր Գեբելսը, որը կիլոմետրերով հեռու էր Բեթհովենի, Շիլլերի եւ Ֆյուրտվենգլերի գաղափարներից: Ֆաշիզմի գլխավոր գաղափարախոսը շնորհակալություն է հայտնում դիրիժորին եւ սեղմում նրա ձեռքը:
Մի քանի տարի անց, երբ նացիզմը կործանվեց, եւ շատերը՝ այդ թվում այն մտավորականները, ովքեր 1933 թվականից հետո լքել էին Գերմանիան (օրինակ, ԱՄՆ տեղափոխված գրող Թոմաս Մանը), քննադատում էին Ֆյուրտվենգլերին, թե ինչու էր նա մնացել՝ շարունակելով զբաղվել իր գործով եւ նորմալ հարաբերություններ պահպանելով ֆաշիստական ռեժիմի պարագլուխների հետ: Այդ քննադատությանը Ֆյուրտվենգլերը պատասխանել էր. «Ես գիտեի, որ Գերմանիան սարսափելի ճգնաժամի մեջ է, բայց միեւնույն ժամանակ ես պատասխանատու էի գերմանական երաժշտության համար, եւ իմ առաջադրանքն էր այդ ճգնաժամն անցնել առանց կորուստների: Մտահոգությունները, թե իմ աշխատանքի արդյունքները կօգտագործվեն քարոզչության համար, ոչինչ չէին նշանակում՝ համեմատած գերմանական երաժշտությունը պահպանելու իմ ցանկության հետ՝ երաժշտություն, որը կատարվում էր գերմանական ժողովրդի համար նրա’ իսկ երաժիշտների կողմից: Այդ մարդիկ` Բախի եւ Բեթհովենի, Մոցարտի եւ Շուբերտի հայրենակիցները ստիպված էին ապրել ռեժիմի իշխանության տակ, որն ամբողջությամբ տոգորված էր տոտալ պատերազմի գաղափարով: Նա, ով այստեղ չէր ապրել այդ օրերին, չի կարող դատել այն մասին, թե ինչ տեղի էր ունենում: Մի՞թե Թոմաս Մանը իսկապես կարծում է, որ հիմլերյան Գերմանիայում բոլորին անհրաժեշտ էր արգելել Բեթհովենի երաժշտության կատարումը: Իսկ գուցե նա պարզապես չի՞ պատկերացնում, որ ոչ ոք ավելի շատ կարիքը չուներ, ոչ ոք ավելի շատ չէր ցանկանում լսել Բեթհովենին, նրա ազատության եւ սիրո ձայնը, քան այդ գերմանացիները, որոնք ստիպված էին ապրել հիմլերյան իշխանության վախի թագավորությունում: Ես չեմ ափսոսում, որ մնացել էի եւ սատարել էի այդ մարդկանց»:
Տեսագրության վերջին վայրկյաններին Ֆյուրտվենգլերը թաշկինակը տեղափոխում է ձախ ձեռքից աջը, որով քիչ առաջ սեղմում էր Գեբելսի ձեռքը եւ աննկատ մաքրում է այն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարդացեք նաև