Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` Թայլանդի երեք քաղաքացիները, որոնք ձերբակալվել էին ռուսաստանցի զբոսաշրջուհիներին կողոպտելու եւ բռնաբարելու կասկածանքով, ընդունել են իրենց մեղքը: Ձերբակալվածները 20-ից 35 տարեկան են, երեքն էլ նախկինում դատված են եղել: Հանցագործներից մեկը հետաքննվում էր մահափորձ կատարելու մեղադրանքով եւ գրավի արդյունքում ազատվել էր կալանքից: Ձերբակալվածներին ցուցադրել են լրագրողներին` հունվարի 2-ին Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողներին նաեւ ներկայացվել են հանցանքի ապացույցները, այդ թվում` տուժածների իրերը եւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Դեպի հյուրանոց ուղեւորվող երկու ռուս զբոսաշրջիկների վրա հարձակումը տեղի է ունեցել Պատայայում` 2012 թ. դեկտեմբերի 25-ի գիշերը: Հանցագործները կանանց զենքի սպառնալիքով ստիպել են նստել մեքենա եւ տարել են քաղաքից դուրս: Նրանց կողոպտել են եւ բռնաբարել, ապա, թողնելով անտառում, հեռացել:
Ձերբակալված հանցագործներից մեկը մեղադրվում է կողոպուտի, իսկ մյուս երկուսը` կողոպուտի եւ բռնաբարության մեջ: Ձերբակալվածներից տարիքով ամենամեծը հայտարարել է, որ նախապես ծրագրված էր միայն կողոպուտը: