Ամանորի առիթով ընդունված հերթապահ բարեմաղթանքների փոխարեն ուզում եմ մի խնդրի մասին խոսել, որի ականատեսն ենք դառնում ամեն Ամանորի: Լրագրողների այս սեզոնային սիրած հարցերից մեկն է դարձել, թե տվյալ հասարակական կամ քաղաքական գործիչը մինչեւ քանի՞ տարեկանն է հավատացել Ձմեռ պապի գոյությանը, ե՞րբ է հասկացել, որ նրա փոխարեն ծնողներն են նվերները դնում բարձի կամ եղեւնու տակ:
Ու եթե թերթերի կամ կայքերի դեպքում սա առանձնապես վտանգավոր հարց չէ՝ այս լրատվամիջոցների թիրախային լսարանը երեխաները չեն, հատկապես հեռուստաընկերությունների պարագայում այս հարցը նոր տարվա հեքիաթի սպանություն է:
Սիրելի գործընկերներ, ձեր այդ հարցի ականատեսը կարող են դառնալ նաեւ երեխաները, որոնք հավատում են Ձմեռ պապի եւ Ձյունանուշիկի գոյությանը եւ ամենայն անկեղծությամբ են իրենց նվիրական ցանկությունների մասին նամակներ գրում:
Պարզ է, որ վաղ թե ուշ նրանք տեղեկանալու են իրականության մասին: Սակայն թող դա լինի ոչ արհեստական միջամտության հետեւանքով; Մեր հարցերով չխլենք երեխաներից ամանորյան հեքիաթը: