Տասը տարի առաջ Աննա Մովսիսյանը մեծ ռիսկի է դիմել եւ իր հաշմանդամ երեխային տարել է հանրակրթական դպրոց: Այսօր արդեն 17-ամյա Արայիկը գրում է, կարդում ու նկարում: Նրա վերջին կտավներից մեկը Հայաստանում ԱՄՆ դեսպանի տան պատին է. Արայիկն անձամբ է այն նվիրել դեսպանին` ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ: Տիկին Աննայից մեծ ջանքեր, համառություն եւ համբերություն է պահանջվել` մինչեւ որ իր հաշմանդամ երեխային ինտեգրել է հասարակություն: Գոնե նրա շրջպատում կոտրվել են այն կարծրատիպերը, որոնց պատճառով այսօր հազարավոր հաշմանդամ մարդիկ մեկուսացած են ապրում, չունեն ընկերներ, խուսափում են դուրս գալ տանից:
«Հաշմանդամ երեխան ասեղ չէ, որ հասարակությունից թաքցնեք: Եվ վերջապես ամեն մարդ իրավունք ունի լիարժեք ապրելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է տիկին Աննան: Նա, ի սկզբանե էլ դեմ է եղել, որ երեխան հաճախի օժանդակ դպրոց: Աննա Մովսիսյանի խոսքերով. «Այն ժամանակ ներառական դպրոց դեռ չկար, ես Արայիկին տարա Էրեբունի համայքնի թիվ 17 դպրոցը, իհարկե բավականին խոչընդոտներ եղան ընդունելու հետ կապված, քանի որ չէին պատկերացնում, թե ինչպես կարող են այդպիսի երեխայի հետ վարվել: Բայց իմ ու մայրիկիս համառության շնորհիվ երեխայիս ընդունեցին: Ես նույնպես այդ դպրոցն եմ ավարտել գերազանց գնահատականներով եւ ընդառաջ գնալով իմ խնդրանքին, երեխայիս վերցրին: Տեսնելով երեխայիս առաջադիմությունը, համոզվեցին, որ Արաիկն էլ իր հնարավորությունների չափով կարող է սովորել»:
Տիկին Աննան պատմում է, որ մի որոշ ժամանակ ինքն էլ է բարդույդներ ունեցել եւ խուսափել է մասնակցել ծնողական ժողովներին, շփվել մյուս երեխաների ծնողների հետ. «Իմ երեխայի լավ առաջադիմությունը, տնօրենի, ուսուցիչների գովասանքը մարդկանց մոտ փոխեց մտածելակերպը հաշմանդամ մարդու նկատմամբ: 3 տարի անց մեր դպրոցը դարձավ ներառական եւ տնօրենը ինձ շնորհավորեց, քանի որ ես առաջիններից էի, որ խիզախություն էի ունեցել հաշմանդամ երեխային տանել սովորական դպրոց: Այդ օրվանից շատ բան փոխվեց մեր դպրոցում: Ներառական կրթության շնորհիվ կազմվեց հատուկ ծրագիր` հաշվի առնելով որդուս ընդունակություններն ու կարիքները եւ բազմամասնագիտական թիմը Արայիկի ուսումը հարմարեցրեց երեխայիս կարիքներին: Տղաս սկսեց ավելի լավ սովորել, մասնակցում էր բոլոր դասաժամերին, ընկերները սկսեցին նրան սիրել եւ հասկանալ:
Կարդացեք նաև
Օրեցօր գրանցվեցին նորանոր հաջողություններ, որդուս նկարների ցուցահանդեսը մեծ հաջողություն բերեց նրան»: Տիկին Աննայի խոսքերով, վերջերս էլ ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ, որտեղ ներկա են եղել Հայաստանում գործող բոլոր դեսպանատների դեսպանները, դեսպաններից մեկը մոտեցել է նրան եւ շնորհկալություն հայտնել, որ նա իր հաշմանդամ երեխային չի թաքցրել հասարակությունից եւ չի ամաչել նրա համար:
«Ես ցավով եմ նայում, թե ինչպես են այդպիսի երեխաներին լքում, թաքցնում, ինչ աչքերով մենք` ծնողներս նայենք մեր հաշմանդամ երեխային, այնպես էլ շրջապատը, նրան կընկալի: Ես ընդունեմ նրան լիարժեք անդամ, շրջապատն էլ է ընդունելու նրան լիարժեք, եթե ես չընդունեմ, ապա ինչպես կարող է շրջապատը նրան ընդունի: Երբ երեխաս դեռ դպրոց չէր գնում, բոլորը մտածում էին նա չի կարող գնալ, բայց, երբ որ սկսեց գնալ դպրոց եւ մարդիկ հարցնում էին, թե ինչպես է սովորում, նրա հաջողությունների մասին լսելիս, չեք պատկերացնի, թե ինչպես էին փոխում իրենց վերաբերմունքը: Եվ այդպես ամբողջ շրջապատի վերաբերմունքը փոխվեց Արայիկի նկատմամբ, նրան նայում էին, որպես հասարակության լիարժեք մարդ:
Եթե ես այն ժամանակ թաքցնեի, ապա հենց այդպես էլ կընդունեին, որ իմ երեխան բացարձակ ոչինչ չի կարողանում»:
Նկարչության մեջ մեծ հաջողություններ ունենալով, Արայիկը մտադիր է ուսումն այդ գծով շարունակել: Տիկին Աննան հաշմանդամություն ունեցող նյուս երեխաների ծնողներին էլ է կոչ անում երեխային հնարավորություն տալ հասարակության լիարժեք անդամ դառնալու. «Ամեն երեխա իր մեջ թաքնված տաղանդ ունի, պետք է կարողանալ բացահայտել, չէ որ ես մի օր նրա կողքին կարող է չլինեմ, նա պետք է ապրի չէ այս աշխարհում: Իսկ նրան հասարակություն հանելու առաջին քայլը լինում է մանկապարտեզը, դպրոցը: Այսօր մյուս տղայիս դասարանում կան հատուկ կարիքներով երեխաներ, երեխաները հոգատար վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ, նրանց համար արդեն սովորական է իրենց կողքին հաշմանդամ մարդ տեսնել, այսինքն` նրանք վաղը, կյանքում էլ սովորական կվերաբերվեն նրանց»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ