Քիչ առաջ նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց առաջադրման իր փաստաթղթերը:
Իրեն սոցիալիստ համարող նախկին կոմունիստ, նաեւ նախկին ՕԵԿ-ական Ռ. Ահարոնյանի՝ հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը թերի են: Թեկնածուն դեռ չի հավաքել անհրաժեշտ 8 միլիոն դրամ գրավը եւ սպասում է ՀՀԿ-ականների բարի կամքին:
«Այս պահին դեռ չունենք, բայց նորից եմ ասում, եթե հանրապետականներն ուզում են՝ նորմալ ընտրություններ կատարվեն , պետք է սոցիալիստ գաղափարներ ունեցող թեկնածուին ֆինանսավորեն: Համոզված եմ՝ կանեն, թե չէ կլինի գաղափարական պարտություն, գաղափարապես կպարտվեն»,- Aravot.am-ին ասաց պարոն Ահարոնյանը, հետո շարունակեց, եթե հանրապետականները չաջակցեն, ապա. «Ժողովուրդը պատրաստ է, մի քանի օրից հաշվի համարը կասվի, ու գումարները կփոխանցվեն այդ հաշվեհամարին»:
Պարոն Ահարոնյանի գնահատմամբ, 2013 թվականի նախագահական ընտրությունները վերջին տարիների ամենամրցակցային ընտրություններն են լինելու: Նա դրական առաջաընթաց է համարում ընտրություններին ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, եւ ՀԱԿ-ի չմասնակցելու որոշումը. «Գերազանց է, որ լիբերալ-կապիտալիստական ուժերը չեն մասնակցում: Քիչ-քիչ զգում եմ, որ լիբերալ- կապիտալիստական մի գործիչ է մնում՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ սոցիալիստները ավելի հանգիստ կկարողանան պայքարել կապիտալիստական համակարգի դեմ»: Նա նաեւ ՀՀԿ-ականներին զգուշացրեց, որ առաջին տեղի համար պայքարողն ինքն է. «Իմ խնդիրը միայն գումարային է: Սոցիալիստները չունեն օլիգարխներ, որ կարողանան ֆինանսավորել նախընտրական ամբողջ ծրագիրը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ