Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ ուշանամ մի վախենա, գալու եմ». 22 տարի է թոռները սպասում են Ադրբեջանում գերի ընկած իրենց տատիկին

Դեկտեմբեր 31,2012 12:39

Ամեն անգամ, երբ տիկին Սմեդայի տան դարպասը ծեծում են, ընտանիքի անդամները սրտատրոփ վազում են դեպի դուռը: Այդ ընտանիքում, մեծից փոքր արդեն 22 տարի է սրտի թրթիռով մի մարդու են սպասում`իրենց Նորա տատիկին: Հովակիմյանների ընտանիքում բոլորի երազանքները մի բանի շուրջ են`տատիկը վերադառնա:

«Աստծուց միայն մի բան եմ խնդրում, մի հատ էլ տատիկիս գրկեմ ու սեղմեմ կրծքիս, շնչեմ նրա հոտը ու թող, գոնե մեր թեւերի վրա իր հոգին տա»,-չկարողանալով արցունքները զսպել Aravot.am-ի հետ զրույցում ասում է Նորա Սանթրոսյանի թոռնուհին Քրիստինեն: Այսօր Նորա Սանթրոսյանի հինգ թոռների` Լուսինեի, Քրիստինեի, Վասպուրակի, Երանուհու ու Նաիրուհու միակ հույսը 22 տարի առաջ հոկտեմբերի 17-ին մի Ֆիդայու հետ իր դստերը` Սմեդային ուղարկած տատի նամակն է, ինչպես նրա թոռներն են ասում` «հույսի նամակը», որտեղ Նորա տատը հորդորել է սպասել իրեն. «Սմեդա ջան մեզանից նիգյարան չլինեք, մենք լավ ենք, ինչքան էլ ուշանամ մի վախենա, գալու եմ…..»: Տիկին Սմեդայի մոր ձեռքով գրված նամակը վերջին հավաստի լուրն է եղել հարազատներին: Անծանոթ ազատամարտիկը նամակը բերել եւ թողել է Արամուս գյուղում գտնվող Հովակիմյանների տան դարպասի արանքում ու հեռացել:

Վերջին անգամ տիկին Նորային տեսել են 1991 թվականին Շահումյանի շրջանի Գյուլիստանի անտառներում: Նորա Սանթրոսյանն իր մոր` Հռիփսիմեի հետ, ձիով Հայաստան գալիս են եղել, սակայն այդպես էլ տեղ չեն հասել: Ինչպես համագյուղացիներից մեկն է պատմել, նրան տեսել են խուրջինն ուսին, ոտքը կոտրած մորը ձիու վրա նստեցրած:  Համագյուղացիները նաեւ պատմել են, որ գաղթի ճանապարհին  շատ-շատերն էլ, չդիմանալով,  ուժասպառ են եղել եւ գլորվել ընկել են գետը: Սակայն տիկին Նորայի հարազատներին հասած որոշ տեղեկություններով, իրենց տատիկը կենդանի է մնացել ու այսօր էլ ադրբեջանցիների ձեռքում`գերության մեջ է:

Նորա Սանթրոսյանը  թոռների հետ

«Տատիկս շատ ոսկի ու փող ուներ, գաղթելու ժամանակ այդ ամենը խուրջինով ուսին է եղել, ասում են, իմանալով այդ մասին, հենց հայ ֆիդայիներն են տարել,  կամ էլ տատս իր ունեցվածքը տվել է թուրքերին, որ իրեն ձեռք չտան: Թուրքերն իրեն լավ էին ճանաչում: Նրանց շատ է իր տանը պահել, կերակրել, տատս կթվորուհի էր: Դեռ խաղաղ ժամանակ, երբ պատերազմը չկար, սար էինք գնում տատս թուրքերի կովերն էր կթում»,-պատմում է Լուսինեն: Նա աղջիկ թոռներից ամենափոքրն է, տատիկի վերջին նամակից չի բաժանվել  11 տարի. «Դպրոցական պայուսակիս մեջ էր ամեն օր: Սա իմ հույսի նամակն է, այն իմ հույս ու հավատն է եղել, որ տատս կենդանի է ու ինչպես որ խոստացել է` գալու է»,-ասում է Լուսինեն:

«Ամեն օր դպրոցից վազելով տուն էինք գալիս, տանից չէինք բացակայում, մտածում էինք հանկարծ տատը կգա, տանը չենք լինի»,-ասում է Քրիստինեն:

Նրա ամենավառ ու թանկ հիշողությունները մանկության հետ են կապված. «Ամեն տեղ փնտրում եմ մեր գյուղի աշնան հոտը, բայց ոչ մի տեղ չկա: Հիշում եմ վառարանի ծխի անուշ հոտը: Փոքր ժամանակ, երբ գիտեինք Ղարաբաղ ենք գնալու, ամբողջ գիշեր ուրախությունից քուններս չէր տանում: Տատս գիտեր, որ գալու ենք անտառից զկեռ էր հավաքում»,-հիշում է Քրիստինեն:

Տիկին Նորայի թոռները պատմում են, որ իրենց ողջ մանկությունը Շահումյանում են անցկացրել, ինչպես իրենք են ասում` «վայելելով տատիկի ու իրենց գյուղի բույրը»:

«Տատիկիս տան չորս բոլորը ակացիաներ էին: Շահումյանի անձրեւոտ առավոտն եմ կարոտում, անձրեւը գալիս էր կաղնու վրա եւ այնպիսի մի հոտ էր տարածվում շուրջբոլորը, որ բառերով հնարավոր չէ նկարագրել, երբեք այդ բույրը չեմ մոռանա, այլեւս ոչ մի տեղ այդ հոտը չկա»:

Նորա Սանթրոսյանը դստեր հետ

Երբ Շահումյանում մարտերը սկսվել են, Նորա Սանթրոսյանը 57 տարեկան է եղել, հենց այդ տարիքում էլ լքել է հայրենի գյուղը: Այժմ, հարազատների խոսքերով, նա 79 տարեկան է: Թոռները նրան հիշում են այնպիսին, ինչպիսին որ տեսել են` աշխուժ, աշխատասեր ու հայրենասեր. «Պատմում են, որ տատիկս զենքը ձեռքին կռվել է, ազատամարտիկների համար գուլպա է գործել, նրանց կերակրել ու պահել է»:

Երկար փնտրտուքներից հետո, տարիներ առաջ, Նորա Սանթրոսյանի հարազատները Մոսկվայում մի ադրբեջանցի երիտասարդի են հանդիպել, որը հաստատել է տիկին Նորայի` ադրբեջանական կողմում գերի լինելու փաստը: Նա պատմել է, որ Նորան շահումյանցի մի քանի կանանց հետ ադրբեջանցի զինծառայողների շորերն ու սպիտակեղենն են լվանում, նրանց համար ճաշ են պատրաստում, հիվանդներին են խնամում: Ադրբեջանցի երիտասարդը խոստացել է 10 հազար դոլարի դիմաց լուսանկարել եւ բերել գերության մեջ գտնվող կնոջ լուսանկարները: Սակայն տիկին Նորայի հարազատները խուսափել են նրա հետ գործ բռնելուց. «Տատիկիս` գերի լինելու մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չկար, այդ պատճառով շատ էինք վախենում աղմուկ բարձրացնել, որ իմանային նրան փնտրում ենք, վախենում էինք, որ կսպանեն»:

Մի անգամ էլ` 13 տարի առաջ,  «Մռավի ղողանջներ» թերթում է նրա մասին լուր հրապարակվել. «Նրանք սպասում են մեզ» խորագրի տակ, անհայտ կորած անձանց թվում գրված է եղել նաեւ Նորա Սանթրոսյանի անունը: Հարազատները պատմում են, որ թերթին տեղեկատվություն է տվել մի ռուս մոլոկանի կին, որը Ադրբեջանից եկել է Հայաստան: Նա թերթին տրամադրել է այն անձանց անունները, որոնք այդ պահին գերության մեջ են եղել:

«Որ ասում են անհայտ կորած, ոնց որ անշնչացած առայկայի մասին խոսեն, մինչդեռ անհայտ կորածներն այն մարդիկ են, որոնց ճակատագիրն անհայտ է մեզ համար»,-ասում է Լուսինեն:

Նա անհայտ կորածի ընտանիքներին մի բան է մաղթում, որ այս  ամանորի գիշերը, երբ  դուռը թակեն, ո՞վ է հացի պատասխանը լինի` ես եմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31