Ինչպես արդեն հաղորդել ենք՝ երեկ «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որը հավաքել է 296 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Մովսիսյանը՝ 90 միավոր: Իսկ երրորդ տեղում է Արաս Օզբիլիսը՝ 58 միավոր:
2012 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը վաստակել է 203 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Բիչախչյանը՝ 150 միավոր, իսկ երրորդ տեղում է Ժոլտ Հոռնյակը՝ 77 միավոր:
Պարգեւատրման արարողության ընթացքում իր ելույթում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մասնավորապես հայտարարեց. «Տարվա վերջը շատ ցավալի էր, երբ սպորտային ղեկավարությունը կամ որոշ «լրատվամիջոցներ» անցկացրեցին տարվա լավագույն սպորտսմենի տասնյակ կոչեցյալը: Ուզում եմ ասել, որ ես ուրախ եմ, որ այդ մարդիկ չեն ընդգրկել մեր ազգային հավաքականից որեւէ ֆուտբոլիստի, որովհետեւ նրանք այն մարդիկ են, որոնք կարող են միայն անհաջողություն ցանկանալ մեր երկրի ցանկացած հաջողությանը: Իսկ այդ սպորտային ղեկավարներն ուղղակի արկածախնդիրներ են: Ես որպես ՀՖՖ նախագահ՝ իմ գնահատականը այս տարի նրանց կտամ հենց այդպես: Ու Հայաստանի ազգային հավաքականի ցանկացած ֆուտբոլիստ թող իմանա, որ իրենց գնահատականը տալիս է ժողովուրդը: Ոչ մի պետական կառույց կամ անհատ չի կարող ավելի բարձր գնահատական տալ, քան ժողովուրդն է տալիս: Իսկ ժողովուրդն իր գնահատականը տվել է, եւ ես շատ ուրախանում եմ»:
Տեսանյութը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջից, լուսանկարները՝ Հակոբ Բերբերյանի